«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր կուսակցության համաժողովում իր ելույթի ժամանակ ասաց, թե այսպիսի թուլացած Հայաստանով ԼՂ միջազգային ճանաչում թող որեւէ մեկը չակնկալի:
«Միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր լինելու խուսափել պատերազմից, նույնիսկ Արցախի խնդրի թղթային լուծումը մեզ հարաբերությունների տեւական կարգավորում չի բերելու: Հայաստանն ունի անվտանգության ու առաջընթացի կարիք, բայց այն քաղաքական ուժը, որը երկիրը կանգնեցրել է պատերազմի շեմին, նա չէ, որ բերելու է այդ անվտանգությունն ու առաջընթացը»,- ասաց պարոն Սաֆարյանը:
Ըստ նրա, «Ազատ դեմոկրատների» ծրագրում շատ դրույթներ կան ԼՂ արդար դատի վերաբերյալ, բայց. «Միջազգային ճանաչում այսպիսի թուլացված Հայաստանով որեւէ մեկը թող չակնկալի, այստեղ էլ խնդիրը հզորացման մեջ է եւ մեր հարաբերությունները հարեւանների հետ պետք է կարգավորվեն ազգային շահերի ու իրավունքների պաշտպանության հիմքի վրա, միջազգային իրավունքի շրջանակներում, բայց առանց կասկածի տակ դնելու ԼՂ ժողովրդի արդեն իսկ ինքնորոշումը ապագաղութացումը խորհրդային Ադրբեջանից՝ առանց այդ ամենը պայմանավորելու Ադրբեջանի քաղաքական ցանկություններով: Բոլորը խոսում են մադրիդյան սկզբունքներից, բայց հենց այդ սկզբունքներով կախվածության մեջ է դրվել ԼՂ ճանաչումը Ադրբեջանի կամքից, մենք պնդում ենք, որ միջազգային ճանաչման քաղաքական պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, բայց հիմքերը երբեք չեն կարող կախված լինել երրորդ երկրի ցանկությունից…մեր բանակը պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, որովհետեւ աշխարհում դեռեւս ավելի լավ չափանիշներ՝ անվտանգության հայեցակարգի եւ զինված ուժերի, դեռեւս ստեղծված չեն, եթե ուզում ենք զսպել հակառակորդին պետք է այդ չափանիշներին համապատասխանող բանակ ունենանք»:
Պարոն Սաֆարյանի խոսքով, շատ տարբերակներ չունենք՝ կամ ամեն ինչ պետք է թողնել այս ուղղությամբ, որով Հայաստանն արդեն գնում է, կամ ուղղակի ոչինչ չանել ու Հայաստանից գնալ, կամ փոխել ՀՀ ուղղությունն ու ընթացքը. «Լուրջ որոշումներ պետք է ընդունենք, որի համար պետք է ունենանք ինքնաբավ ինքնիշխանություն, մեր խնդիրների լուծումը մեր ներսում է, ինքնիշխանությունը պետք է վերականգնվի արդար ընտրությունների միջոցով: Մեր քաղաքացուն պետք է վերադարձնել ազատությունն ու իրավունքը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ