«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր համաժողովի ժամանակ նկատեց, որ թեեւ շուտով կլրանա Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիները, բայց նրա նախընտրական խոստումների մեծ մասն այդպես էլ չիրականացան:
«Աղքատությունը 23 %-ից պետք է իջներ 11 %, բայց պաշտոնական տվյալներով, 23 %-ից բարձրացել է 30 %-ի, մեր տվյալներով՝ 37%: Տասը տարում երկիրը լքել է 320.000 մարդ, երկրի բյուջեն դոփում է տեղում, խոսք էին տվել բյուջե 3,5-4 միլիարդ դոլար, մեր բյուջեն կազմում է 2,4 միլիարդ դոլար եւ շատ չի տարբերվում տասը տարի առաջվա բյուջեից»,- ասաց պարոն Բագրատյանը:
Ըստ նրա, ՀՀ արտաքին պետական պարտքը 1,5 միլիարդից հասել է 5,2 միլիարդ դոլարի, իսկ համախառն պարտքը կազմում է 8, 5 միլիարդ դոլար. «Չնայած այդ տասը տարում երկիր է մտել 12 միլիարդ դոլար փող՝ տրանսֆերտների, վարկերի ձեւով, երկրի ՀՆԱ-ն 11, 9 միլիարդ դոլարից իջել է 10, 6 միլիարդ դոլարի, այսինքն, կատարյալ ճգնաժամ է: Մենք գնում ենք հստակ պարտություն, առջեւում տնտեսական կոլլապսն է: Երկրի սպառումը այս տասը տարիներից յոթում եղել է ավելի, քան՝ ՀՆԱ-ն, այսինքն` պարտքով ենք ապրում: Եթե այս պարտքերը հանենք, բնակչության կենսամակարդակը երկու անգամ կիջնի, աղքատությունը կհասնի 60 %-ի…ընտրություններից հետո մայիս-հունիս ամիսներին սպասվում են կամ նոր պարտքեր, բայց այս անգամ մեզ պարտք կտա միայն ՌԴ-ն՝ քաղաքական զիջումների դիմաց, կամ էլ հունիսին պետք է հայտարարենք, որ մեր պարտքերի սպասարկումը դադարեցնում ենք: Երբ նայում ես ՀՀԿ-ի՝ գումարած ՀՅԴ-ի ծրագիրը, դրանց ծրագիրը այնպես չէ՝ թե մեկ ամիս, կամ մեկ տարի հետո ինչ կլինի, նրանց ծրագիրը սա է՝ վաղը մինչեւ դիմանում ենք, թե՝ ոչ: Մենք քայլում ենք անդունդի եզրով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև