Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, կմասնակցեն 5 կուսակցություն եւ 4 նախընտրական դաշինք: Վանաձորում «ԵԼՔ» դաշինքը քարոզարշավը սկսեց ավտոերթով: Երթի մեկնարկը տրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբին հարող տարածքից: Որից հետո շարասյունն անցավ Վանաձոր քաղաքի թաղամասերով եւ ուղեւորվեց դեպի մարզի տարբեր համայնքներ:
«Քանի որ քարոզարշավի առաջին օրն է, որոշել ենք ավտոերթի միջոցով իրազեկենք «ԵԼՔ» դաշինքի մասին: Յուրաքանչյուր համայնքում, որտեղ կկանգնի ավտոերթը կներկայացնենք «ԵԼՔ»-ի ծրագիը, գաղափարները: Գյուղերով ենք անցնելու, փոքր ու մեծ քաղաքներով, որտեղ, որ հնարավորություն եղավ կկանգնենք եւ մարդկանց հետ կզրուցենք, հենց այնպես չենք անցնելու: Կարեւորը մեքենաների վրայի իրազեկող պաստառներն են, պետք է այնպես անենք, որ հնարավորինս տեսանելի լինի «ԵԼՔ» դաշինքի լոգոտիպը, նաեւ բուկլետներ ենք բաժանելու: Այսինքն, հնարավորինս բարձրացնենք մարդկանց տեղեկացվածությունը «ԵԼՔ» դաշինքի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:
Է. Մարուքյանը վստահեցրեց, որ մինչ քարոզարշավի մեկնարկը «ԵԼՔ»-ը որեւէ խնդիրների ու խոչընդոտները չի հանդիպել. «Հավասար պայմանների մասին չի կարելի խոսել, որովհետեւ էդ պայմաններն արդեն իսկ խախտվել են 5 տարիների ընթացքում՝ նախորդ խորհրդարանական ընտրություններից սկսած: Բայց դեռեւս որեւէ բան չի եղել: Մեր մեկնարկային հնարավորությունները շատ լավն են: Մնում է միայն քարոզարշավի ընթացքում այդ ամենը կարողանանք ներկայացնենք: Ես վստահ եմ, որ կներկայացնենք, եւ մեր ունեցած սահմանափակ ռեսուրսներով անգամ, մենք ամեն բան կանենք, որ մեր ուղերձները, գաղափարները, «ԵԼՔ» դաշինքի նոր քաղաքական մշակույթը տարածվի Հայաստանով մեկ»:
Կարդացեք նաև
Մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում, որ կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային թեկնածուների միջեւ կոնֆլիկտներ են առաջանում: Է. Մարուքյանը, սակայն վստահեցնում է, որ իրենց դաշինքի ներսում նման խնդիրներ չեն առաջանում. ««ԵԼՔ»-ը միակ դաշինքն է այս պահին, որ մինչեւ քարոզարշավի մեկնարկը սկսելը որեւէ կորուստ չի ունեցել: 9 ուժ գրանցվել են, բոլորն էլ կորուստներ են ունեցել՝ կամ մարդիկ են դուրս եկել, կամ դաշինքները ստեղծվելու ընթացքում փլուզվել են: «ԵԼՔ» դաշինքը միակն է, որ կազմակերպված, հաշտ ու համերաշխ շարունակում է իր արշավը: Առաջինը՝ դա գաղափարական հենքի պատճառով է, որովհետեւ գաղափարական հենքի պատճառով են բոլորը հավաքվել: Ո՛չ 2 պատգամավորների, ո՛չ նախկին վարչապետի, ո՛չ էլ մեր մյուս գործընկերների միջեւ խնդիրներ չկան»:
Խոսելով ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի մասին` Է. Մարուքյանն ասաց, որ իրենք այդ ամենի դեմ պայքարելու իրենց մեխանիզմներն ունեն. «Լսել ենք, գիտենք, եւ մենք դրա դեմ մեր արշավի շրջանակներում, մեր ուղերձները կփոխանցենք քաղաքացուն, որ ինքը իր 5 տարվա երկիրը կառավարելու իր իրավունքը չվաճառի որեւէ պարագայում: Այստեղ ոչ միայն վաճառքի խնդիրն է, նաեւ մարդկանց պետական հիմնարկների, կոմունալ ծառայությունների աշխատողներին ճնշում են, ասում են ընտրեք սրան, նրան: Մեթոդները վարժության տեսքով խորհրդարանի ամբիոնից ներկայացրել եմ, թե ինչ կարելի է անել, եթե ձեզ ստիպել են, որ դուք նկարեք տանեք ցույց տաք, կամ մութ քվեաթերթիկ հանեք տանեք ցույց տաք: Ամեն ինչ կարելի է շրջանցել, իսկ շրջանցման մեխանիզմները մենք մանրամասն ներկայացրել ենք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ