Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխզիջումների մասին քննարկումներ բացելը Արցախի համար հայանպաստ լուծման չի տանելու» (Տեսանյութ)

Մարտ 05,2017 14:45

Խորհրդարանում տեղ զբաղեցնելու հավակնորդ ուժերը սկսում են իրենց քարոզարշավը. դաշինքներն ու կուսակցությունները պետք է որ հանրությանը ներկայացնեն իրենց ծրագրերը: Նրանք պետք է որ հանրությանը վստահեցնեն՝ պայքարելու են կոռուպցիայի դեմ, տնտեսության վագրային թռիչքներ են խոստանալու, թոշակներն ու աշխատավարձեր են բարձրացնելու, ու այս շարքից նման բազմաթիվ լավ խոստումներ: Մինչ քարոզարշավի մեկնարկն էլ տարբեր ուժեր ասում էին, որ միայն իրենք կարող են երկիրը ոտքի հանել:
Սակայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, որը կարելի է ասել այսօր ամենագլխավորն է, շատ ուժեր առայժմ չեն անդրադառնում:

ՀԱԿ-ի՝ ամիսներ առաջ հայտնած դիրքորոշումը միանշանակ չընդունվեց. ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»։ Խաղաղություն՝ փոխզիջման դիմաց. սա է ՀԱԿ-ՀԺԿ դիրքորոշումը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց ծրագրում առանձին դրույթ կա ԼՂ հակամարտության կարգավորման մասին, եւ մինչ այն հրապարակելը պարոն Մարուքյանը ներկայացրեց դաշինքի տեսակետը:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանում փոխզիջումների մասին քննարկումներ բացելը Արցախի համար հայանպաստ լուծման չի տանելու: Դաշինքի ծրագրում գրված է՝ քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական խախտված բալանսը գոնե հավասարեցված չէ, փոխզիջումների մասին խոսելը մենք բացառում ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ դաշինքի դիրքորոշումն է՝ «Երբ Ադրբեջանում չկա մի քաղաքական գործիչ, որը կխոսի փոխզիջումների մասին, ուր մնաց իշխանությունները խոսեն, իսկ Հայաստանում ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմադիր ուժերը խոսում են փոխզիջումների մասին, դա Արցախի խնդրի հայանպաստ լուծում չէ: Ավելին, ԼՂ խնդրի լուծումը պայմանավորված է տարածաշրջանի դեմոկրատացմամբ, որովհետեւ ինչ էլ որ պայմանավորվեն, ինչ էլ փորձեն փոխզիջել Ադրբեջան պետությանը՝ որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ այդ փոխզիջումը խաղաղություն կբերի: Իսկ այն մոտեցումը՝ եկեք տարածք տանք, որ խաղաղ լինի, այդ բանաձեւը մեզ համար ընդհանրապես անընդունելի է, որովհետեւ այս բանաձեւը տանում է նրան, որ ամեն անգամ երբ պատերազմի վտանգ լինի՝ մենք պետք է նոր տարածք զիջենք, որ խաղաղ լինի»:

Պարոն Մարուքյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը որեւէ կերպ այդ միջանկյալ կարգավիճակը չի ճանաչում, չի գնում բանակցություններին, հայկական կողմը կամ հայկական ընդդիմադիրները որպես ի՞նչ են այդ մասին խոսում. «Նրանք ասում են՝ մենք կարգավիճակ չենք տալիս, չենք ճանաչում ինքնորոշման իրավունքը, բայց դուք զիջումների պետք է գնաք: Այս իրավիճակում մեր կողմը խոսում է փոխզիջումների մասին, որքանո՞վ է սա ճիշտ: «Ելք» դաշինքը դա անընդունելի է համարում»:

Ռազմաքաղաքական հավասարակշռման մասին էլ Մարուքյանն ասաց, որ անցած 20 տարիների ընթացքում ժամանակ ենք ունեցել տնտեսությունը զարգացնելու միջոցով այդ հավասարակշռությունը պահպանելու եւ նույնիսկ հօգուտ մեզ խախտելու այդ հավասարակշռությունը: Հիմա այդ հավասարակշռութունը, ինչպես ասաց Մարուքյանը, խախտված է հօգուտ Ադրբեջանի: «Մենք գտնում ենք, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին Հայաստանի տնտեսության՝ ՀՀ որպես պետության զարգացման մեջ է, այլ ոչ թե Հայաստանից դուրս՝ Օլանդի, Թրամփի կամ Վլադիմիր Պուտինի մոտ է, որովհետեւ երբ պատերազմ է լինում, տեսնում ենք, որ ինքներս ենք մեզ պաշտպանում: Իսկ եթե մենք չկարողանանք այնպիսի տնտեսություն ունենալ, որն իր ուսերին կարող է պատերազմող բանակ ունենալ, մենք չենք կարող հայանպաստ լուծման մասին մտածել: Սա դաշինքի պաշտոնական դիրքորոշումն է»,-ասաց Մարուքյանը:

Լայնամասշտաբ պատերազմի վտանգը, ինչպես փորձագետներն են պնդում, ամեն օր է, մեր «քթի տակ է» պատերազմը, արդյոք մենք այնքան ժամանակ ունե՞նք տնտեսությունը զարգացնելով նշված հավասարակշռությունը ապահովելու համար՝ մեր այս հարցին ի պատասխան Մարուքյանն ասաց. «Այո, ժամանակ ունենք այն խնդիրները, որ մեր առջեւ ծառացած են՝ լուծենք եւ ժամանակի ընթացքում խախտված բալանսը վերականգնենք: Հողեր զիջելով էլ պատերազմը մեր քթի տակ է»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, 2-րդ ընտրատարածքում առաջադրված Ռշտուն Մարտիրոսյանն էլ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ «Առավոտին» ասաց. «Մենք կտրականապես դեմ ենք որեւէ տարածքներ հանձնելուն: Ես հայտնում եմ մեր խմբակցության միասնական մոտեցումը՝ մենք կողմնակից ենք փոխզիջումներին, դա չի նշանակում տարածքներ հանձնել, փոխզիջում նշանակում է միգուցե տարածքներ փոխանակել: Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած ժամանակ ընդամենը մեկ քաղաքական հայտարարություն է արել՝ ոչ մի օտարերկրյա խաղաղապահ ուժ անելիք չունի ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի սահմանների վրա: Այն դաշինքում, որտեղ կյանք տված ազատամարտիկներն են, հող հանձնո՞ղ դաշինք է»:

Նելլի Բաբայան

«Առավոտ»

04.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031