«Ժողովուրդը միշտ էլ մարդկանց մահից հետո է գնահատում, կենդանության ժամանակ էդքան շատ գնահատում»,- այսօր Եռաբլուրում խոսելով սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին՝ ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ու Եռաբլուր էին այցելել բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ:
Մեր հարցին՝ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, եթե չեն ընկնում, անտանելի են դառնում, համաձա՞յն եք դրա հետ՝ Սուրիկ Խաչատրյանը մի քիչ երկար մտածելուց հետո պատասխանեց. «Չէ, համաձայն չեմ նրա հետ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ սպարապետն այսպիսի՞ երկրի մասին էր երազում, ինչի՞ մասին էր երազում ու ինչ ունենք հիմա՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Երազելը դեռ գործ չի: Ասենք թե 20 տարի առաջ երազես, թե 20 տարի հետ ինչ կլինի՝ կարող է այդ ընթացքում շատ բաներ են փոխվում: Երազելը նպատակ է, բայց նպատակին հասնելու համար պետք է լուրջ ճանապարհ անցնել: Իսկ մեր աշխարհագրական դիրքն ու կարգավիճակն այնպիսին է, որ միշտ չէ, որ նպատակները կարող են իրականացվել»:
Կարդացեք նաև
Լրագրողները Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին այն միջադեպի մասին, որ Գորիսի ոստիկանությունում ծեծի է ենթարկվել նրա եղբորորդին՝ Էդմոն Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանը պարզաբանեց. «Երեխեք, նա պատահական մեկն ա, նա ոչ իմ եղբոր հետ կապ ունի, ոչ մեր ազգի հետ կապ ունի»:
Լրագրողների դիտարկմանը, որ ձեր եղբայրն ասում էր՝ ազգանունն այլ է՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դե հիմա դու էլ ասա, ինչ ասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ