Այսօր Եռաբլուրում ՊՆ նախկին նախարար, ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը շնորհավորեց ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանի, այնպես էլ Սամվել Բաբայանի եւ Վիտալի Բալասանյանի ծննդյան օրը:
Վազգեն Սարգսյանն ասում էր, որ իրեն ժողովուրդը լավ չի ճանաչում, իրեն գիտեն միշտ ջղային արջի կերպարով, իսկ իրականում ճանաչում են միայն իր նեղ շրջապատի մարդիկ: Մենք հետաքրքրվեցինք Սեյրան Օհանյանից՝ որքանո՞վ է նա ճանաչել Վազգեն Սարգսյանին, ինչպիսի՞ն էր նա իր շրջապատի համար: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Լավագույն անձնավորություն, լավ ընկեր, փորձառու մարտական ընկեր, լավագույն ՊՆ նախարար, լավ կազմակերպիչ եւ իհարկե, պետական քաղաքական գործիչ, որն իր ամբողջ կյանքը ներդրել է մեր հայրենիքի կերտման, Արցախի անվտանգության ապահովման հարցերում: Թեպետ շատ շատերը Վազգեն Սարգսյանին մոտ չեն եղել, բայց հեռվից նրա արարումներում եղել են նրա մոտ, նրա հետ միշտ կիսվել են եւ ճանաչել են: Ես շատ մոտիկից եմ նրան ճանաչել եւ այսօր էլ ճանաչում եմ: Փառք պետք է տանք Աստծուն, որ նման գործիչներ եղել են եւ կան այսօր էլ մեր շարքերում»:
Նա ասաց. «Մեր մարտական ընկերների թափած արյան, նրանց կյանքի շնորհիվ է, որ մենք կարողացել ենք կերտել ՀՀ խաղաղ արարումը եւ նաեւ Արցախի համար գոյատեւման պայմաններ ստեղծել»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ պատիվ է քարոզարշավը սկսելը Եռաբլուրից. «Սա եւ պատվի, նաեւ պատասխանատվության համապատասխան պահ է»:
Լրագրողները եւս մեկ անգամ պարզաբանում խնդրեցին Սեյրան Օհանյանից՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության վերաբերյալ, որ ապրիլյան պատերազմում ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: Նա ասաց. «Եթե ուզում են կարգուկանոն հաստատել, թող զբաղվեն իրենք դրանով: Դա իմ դեմ ուղղված քայլ չեմ կարող համարել, որովհետեւ իմ գործունեության ընթացքում համապատասխան վերահսկող մարմինները ստուգումներ են իրականացրել՝ սկսած պետական մարմիններից, վերջացրած գլխավոր ռազմական տեսչությունը, որոնք ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մաս են կազմում»:
Սեյրան Օհանյանը, հարցին՝ ՕՐՕ դաշինքը գնալո՞ւ է իշխանափոխության, հայտարարեց. «Մենք գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ