Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի մասին մի՛լռեք

Մարտ 05,2017 12:00

ՀԱԿ վերջին համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի զգալի մասը վերաբերում էր Արցախի խնդրին:  Տեր-Պետրոսյանը մանրակրկիտ ու հանգամանորեն անդրադարձավ Արցախի հարցի շուրջ անցյալում ու ներկայում առաջացած ու առաջացող խնդիրներին՝ անելով մի շարք առաջարկություններ:

Արցախի հարցում առաջին նախագահի մոտեցումները հիմնականում մեզ ծանոթ են նրա՝ «Պատերազմ, թե խաղաղություն» ծրագրային հոդվածից, որը նաև ժամանակին նրա հրաժարականի պատճառ հանդիսացավ:

Ինչպեսև սպասվում էր, Տեր-Պետրոսյանի համագումարյան ելույթը մեծ աղմուկի պատճառ հանդիսացավ: Ինչպես նաև՝ բացասական գնահատականի արժանացավ զինվորականների, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնյաների, արժանավոր ու անարժան մարդկանց կողմից: Գտնվեցին նույնիսկ այնպիսիք, ովքեր Տեր-Պետրոսյանի ելույթը դավաճանություն որակեցին: Իսկ ելույթը հիմնականում վերաբերում էր Արցախի հարցի լուծման փուլային տարբերակին, ինչպես նաև՝ մանրակրկիտ անդրադարձ էր ապրիլյան քառօրյա պատերազմին:

Երբ գրեթե բոլորը բացասաբար արտահայտվեցին Տեր-Պետրոսյանի ելույթի Արցախին վերաբերող հատվածի կապակցությամբ՝ ասելով ու իրար կրկնելով թե՝ Արցախյան հարցի փուլային լուծման տարբերակը վատագույն տարբերակ է, այդ օրերին «Առավոտում» հոդվածով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահի խորհրդական (1991-1997), դիվանագետ, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը, վկայակոչելով, հիշելով ու հիշեցնելով 1997-ին նախագահական ամառանոցում տեղի ունեցած մի հանդիպում: Դա ավելի շուտ ոչ թե հոդված էր, այլ՝ հուշագրություն, որտեղ պատմվումյ է, թե ինչպես են 1997-ին նախագահական ամառանոցում Հայաստանի և Ղարաբաղի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները՝ գրեթե բոլորն անխտիր, եկել այն եզրակացության, որ Արցախյան հարցի լուծման լավագույն տարբերակը փուլային տարբերակն է: Այդուհանդերձ, ընդամենը մի քանի օր հետո, երբ լույս տեսավ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, գրեթե բոլորը, այդ թվում նաև՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճանավորների մեծ մասը, դեմ արտահայտվեցին առաջին նախագահի հոդվածին, որը, փաստորեն, վերջինիս հրաժարականի հիմնական պատճառը հանդիսացավ:

Այդ օրերից շուրջ քսան տարի է անցել, բայց, կյանքը ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցում շատ բան չի փոխվել: Վերստին առաջին նախագահը նույն կարծիքին է, վերստին ընդդիմախոսներն ընդդիմանում են, վերստին դավաճան անվանողները դավաճան են անվանում՝ վերստին մոռանալով, որ իրենք դավաճան են անվանում մեկին, ում իշխանության օրոք է ազատագրվել այն տարածքը, որն իրենք այդքան եռանդուն պաշտպանում են ազատագրողից:

Մեր նպատակը ոչ թե Տեր-Պետրոսյանին ու Արցախի հարցում նրա տեսակետն ու դիրքորոշումը պաշտպանելն է, այլ մենք մեր առջև խնդիր ենք դրել պաշտպանել մեկին, ով մշտապես հիշում ու հիշեցնում է, որ Արցախի հարցը դեռևս գոյություն ունի, և մենք պարտավոր ենք անդրադառնալ մեր ժողովրդի համար բախտորոշ այդ հարցին: Մեզ մնում է ավելացնել, որ Արցախի հարցին և Արցախի հարցի լուծման տարբերակներին առաջին հերթին պարտավոր են անդրադառնալ քաղաքական այն դաշինքներն ու գործիչները, ովքեր հավակնում են մեր ժողովրդի կամքն ու տեսակետներն արտահայտել ապագա Ազգային ժողովում:

Բայց նրանց զգալի մասը ոչ թե Արցախի հարցի վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնում, այլ ուրիշների տեսակետներն են քննադատում՝ այդ տեսակետների հեղինակներին պախարակելով և նույնիսկ դավաճան որոկելով: Իրենց տեսակետը չեն էլ կարող արտահայտել, որովհետև տեսակետ չունեն: «Ոչ մի թիզ հողը» քաղաքական տեսակետ չի: Եթե ազատամարտիկներն ու զոհված զինվորների ծնողներն են «ոչ մի թիզ հող» ասում, դա, իհարկե, հասկանալի է, բայց եթե դա ասում է մեկը, ով իր զավակներին հնարավորինս հեռու է պահել Արցախից, բանակից ու պատերազմից, դա առնվազն անբարոյականություն է:

Իսկ եթե «ոչ մի թիզ հող»են ասում քաղաքական գործիչներն ու նախընտրական դաշինքների ներկայացուցիչները, թող բարի լինեն և իրենց նախընտրական ծրագրերում ազնվորեն նշեն, որ դեմ են Արցախի հարցով բանակցություններին: Իրականում դա էլ է տեսակետ և եթե դա թաքցնում ես, կնշանակի՝ շրջանցում ես Արցախի հարցը: Մանավանդ որ՝ եթե մեկի տեսակետը քննադատում ես, պարտավոր ես քո տեսակետն ու տարբերակը ներկայացնել: Իրենց տեսակետի մասին ծպտուն անգամ չեն հանում:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031