Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի մարզն ընտրություններում միշտ աչքի է ընկել բողոքական ակտիվությամբ»․Գարիկ Քեռյան

Մարտ 04,2017 20:41

Aravot.am-ը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի խորհրդարանական՝ Հայաստանում առաջին անգամ այս ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները վաղվանից արդեն իսկ պաշտոնապես սկսվում է քարոզարշավը։

-Առաջին հերթին պետք է ընդգծել, որ այս ընտրությունները յուրահատուկ են այն առումով, որ ոչ միայն պարզապես հերթական ընտրություններ են, այլ՝ քաղաքական համակարգի փոփոխման ընտրություններ են: Դրանցով կարծես նոր էջ ենք բացում երրորդ Հանրապետության քաղաքական պատմության մեջ, որովհետեւ մենք մեկ ընտրությամբ որոշում ենք ե՛ւ օրենսդիր իշխանությունը, ե՛ւ գործադիրը: Փաստացի այս ընտրությամբ մենք մուտք ենք գործում խորհրդարանական հանրապետության քաղաքական համակարգի պետական կառավարման շեմ: Իհարկե, դժվար է այս պահին ասել, թե ընտրություններն ինչ ընթացք կունենան ու որքանով կհաջողվի նոր ԸՕ-ով ու նոր ընտրական կանոններով ձեւավորել բարձրագույն իշխանություն, սակայն պետք է հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի, քանի որ ԸՕ-ի նախապատրաստումը ու հաստատումը տեղի ունեցավ որոշակի քաղաքական կոնսենսուսի պայմաններում իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների ու քաղաքացիական հասարակության միջեւ: Կարող եմ ասել, որ բավական բարդ ԸՕ է, ու ընտրակարգը բարդ է, մեր նախորդ ընտրությունները՝ խորհրդարանական ու նախագահական, եղել են ավելի պարզ: Կարող է որոշակի դժվարություններ լինեն ընտրելու ընթացքում, սակայն յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելով է, որ հնարավորություն է ընձեռնվում առաջ գնալ: Անկեղծ ասած, մեկ ամիս առաջ չէի կարող կանխատեսել նման ակտիվություն, սակայն, ի ուրախություն մեզ, տեսնում ենք, որ բավական մեծ ակտիվություն կա: Միայն այն փաստը, որ այսօր 1500 թեկնածու է մասնակցում համամասնական ցուցակներով ու ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորության թեկնածու, եւ 4 դաշինք, 5 կուսակցություն կարողացել է գրանցվել որպես նորություններին մասնակցող քաղաքական ուժեր, մեր փոքր պետության համար վկայում է բավական բարձր ակտիվության մասին: Իհարկե, այսքան մեծ թվաքանակի մասնակցության դեպքում ինչ դրական ու բացասական երեւույթներ կնկատվեն, թերեւս հետընտրական գործընթացում վերլուծաբանների խնդիրն է:

Ի՞նչ եք կարծում, նոր ընտրական օրենսգիրքն իր մեջ ռիսկեր չի՞ պարունակում, նկատենք՝ համացանցում ակտիվ քննարկումներ են գնում այն մասին, որ քաղաքացիները լավ իրազեկված չեն և չեն տիրապետում ընտրությանը մասնակցելու ճիշտ ընթացակարգին:

– Անդրադառնալով իրազեկման հարցին՝ կնշեմ, որ իրազեկումը այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ, սակայն պրակտիկան է, որ ամեն ինչի ուսուցանման հիմքն է: Որքան էլ մարդիկ լավ իրազեկված լինեն, եթե մեկ անգամ կամ ավելի անգամ չընտրեն, ընթացակարգային մանրուքները մեզ համար պարզ չեն դառնա: Ժամանակին մարդիկ գիտեին, որ ընտրում են կուսակցություն կամ մեծամասնականով որեւէ թեկնածուի, հիմա կարծես չի հասկացվում համամասնական ցուցակով կուսակցության ընտրությունից հետո ռեյտինգային թեկնածուների ընտրությունը: Պարզ չէ նաեւ, թե ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներն ինչ հնարավորություններ ունեն անցնելու ԱԺ, ու արդյո՞ք դա հին ընտրական համակարգի կրկնությունը չէ: Հարցերն իրականում բավական շատ են: Կարծում եմ՝ իրազեկման գործընթացն այդքան էլ բարձր մակարդակով չի կազմակերպվել եւ շատ ավելի պարզ ու հասկանալի բառերով, որոշակի ուսուցողական, բովանդակալից ֆիլմերով կարելի էր այս ԸՕ-ն ավելի հասանելի դարձնել ընտրողներին: Չնայած դեռ մեկ ամիս կա, ու իշխանություններն ու մասնակցող քաղաքական ուժերը կարող են դա կազմակերպել:

Համեմատական անցկացնելով Երևանի ու մարզերի բնակիչների միջեւ ի՞նչ էական տարբերություններ կառանձնացնեք:

-Կան, իհարկե, որոշակի տարբերություններ: Հաշվի առնելով այն, որ մարզերում սոցիալական լարվածության աստիճանը շատ ավելի բարձր է, եւ խնդիրներն էլ ավելի շատ են, քան Երեւանում, հետո մտավորականության ու առավել ինտելեկտուալ աշխատանքում ընդգրկված մարդկանց քանակն ավելի քիչ է, այս հանգամանքները կարող են ազդել ընտրական գործընթացի վրա: Մարզերում բնակչության քչությունն ու ընտանեկան, ընկերական, խնամիական ու ազգակցական եւ այլ կապերը կարող են երբեմն ավելի էական դեր ունենալ ռեյտինգային ցուցակներում ընդգրկված թեկնածուների պարագայում: Բացի այդ, եթե անգամ այս ամենն էլ հաշվի չառնենք՝ մարզերի բնակչության սոցիալական շերտավորումը, սոցիալ տնտեսական վիճակը, կենսակերպը էական ազդեցություն են ունենում ընտրողների քաղաքական վարքի դրսեւորման, ընտրական ու հետընտրական գործընթացների վրա:

Բոլոր ընտրություններին հատկապես աչքի է ընկնում Շիրակի մարզը, մասնավորապես՝ Գյումրին, որը տարիներ ի վեր համարվել է ամենապրոբլեմային տարածաշրջանը, ի՞նչ եք կարծում, նոր ընտրակարգը կօգնի՞ մարզում ավելի քաղաքակիրթ ընտրություններ կազմակերպելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերում խնդիրները բավական ցցուն են:

-Իհարկե, Շիրակի մարզը եւ Գյումրին ընտրություններում միշտ աչքի են ընկել որոշակի առավել բողոքական ակտիվությամբ: Երկրաշարժից հետո, աղետի գոտուն բնորոշ երեւույթները, ինչպես նաեւ սոցիալ- տնտեսական խնդիրներն առավել ցցուն են երեւում Շիրակի մարզում: Սակայն, ինձ թվում է, նոր ընտրական կարգի պայմաններում, երբ բավականաչափ մեծ թվով ռեյտինգային ցուցակներով թեկնածուներ են մասնակցում, գյումրեցիները եւ Շիրակի մարզի բնակչությունն ամեն դեպքում ելնելով շիրակցու ու գյումրեցու իմաստությունից ու իրենց ճիշտ կողմնորոշվածությունից՝ կարող են կատարել ճիշտ ընտրություն: Չցանկանալով թեկնածուներին հատ առ հատ անդրադառնալ՝ այդուամենայնիվ նշեմ, որ դեռևս մարզպետ աշխատած տարիներին պատգամավորի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանին գուցե և ոչ ամբողջությամբ, բայց հաջողվել է մարզում ստեղծել խաղաղ մթնոլորտ: Լինելով ծնունդով շիրակցի և վայելելով շիրակցիների սերն ու հարգանքը՝ նրան հաջողվել է համախմբել բոլորին Շիրակ աշխարհի և մասնավորապես Գյումրիի դեմ ծառացած խնդիրները լուծելու շուրջ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար փաստել, որ մարզում և հատկապես Գյումրիում, այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից՝ թեկնածուների միջև ավանդական դարձած թշնամանքը վերածվելու է առողջ քաղաքական մրցակցության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031