Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախյան  կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է. հակամարտությունն ավելի պայթյունավտանգ կդառնա. Stratfor

Մարտ 04,2017 18:34

Stratfor համաշխարհային քաղաքականության հետազոտման և վերլուծական ամերիկյան  կենտրոնն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղված իրավիճակին և հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Զեկույցի համաձայն՝ ղարաբաղյան կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է, չնայած գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու այս երկրի ձգտումը նույնքան ուժեղ է, որքան և այդ խնդիրը լուծելու ցանկությունը։

Զեկույցում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այդպես էլ ձեռք չի բերվել առաջընթաց, իսկ հավանականությունը, որ այս տարի ռազմական գործողությունները կվերսկսվեն,  շատ մեծ է։ Չնայած Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն ակնհայտ են, հակամարտությունում Ռուսաստանի մոտիվացիան շատ ավելի բարդ է: Ռուսաստանի գերխնդիրն   այս երկրներում կայանում է նրանում, որպեսզի թույլ չտա արտասահմանյան ազդեցություն և ամրապնդի իր սեփական դիրքերը: Զեկույցի հեղինակը համարում է, որ Ռուսաստանը «ընդհանուր առմամբ հաղթահարել է այդ խնդիրը Հայաստանում» , սակայն ուզում է Բաքվին էլ ավելի մոտեցնել իրեն: Միևնույն ժամանակ զեկույցում շեշտված է այն հանգամանքը, որ 2016թ. իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել, և ոչ թե պաշտպանել իր հայ դաշնակիցներին:

«Իրականում Ադրբեջանը չէր կարող շարունակել էսկալացիան առանց Ռուսաստանի կողմից գոնե լռելյայն համաձայնության։ Չնայած Մոսկվան միջամտել է, որպեսզի կանխի լայնածավալ հակամարտությունը, բայց ուղերձի բովանդակությունն այն էր, որ Բաքուն գործողությունների մեծ ազատություն ունի տարածաշրջանում ու որ Երևանը չի կարող ամբողջովին ապավինել Մոսկվային՝ իր անվտանգության երաշխավորման հարցում»,- գրում է վերլուծաբանը։

Զեկույց, հիմնվելով շրջանառվող լուրերի վրա, գրում է, որ Ռուսաստանն ուզում է առաջ մղել այսպես կոչված Լավրովի ծրագիրը, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների հանձնում Ադրբեջանին, որից հետո Ռուսաստանի ղեկավարությամբ խաղաղապահներ կտեղակայվեն տարածաշրջանում:  Հեղինակը միևնույն ժամանակ նշում է, որ  Հայաստանի կառավարությունը դեմ է վերոնշյալ ծրագրին: Ռուսաստանը երկու տարբերակ ունի՝ կամ Ադրբեջանին կանաչ լույս ցույց տա էսկալացիայի համար ու ճնշի Հայաստանին՝ զիջումների հասնելու համար կամ էլ Մոսկվան կարող է օգտվել Հայաստանի կառավարությունում իր կապերից ՝ ազդեցություն գործելու համար։

Չնայած Հայաստանում ունեցած Ռուսաստանի սերտ կապերին (այդ թվում ԱԳՆ-ում ու ՊՆ-ում) ու քաղաքակա ն ընդդիմության առաջնորդների հետ, բայց հայ հասարակությունը նման գործարք թույլ չի տա՝ ասվում է զեկույցում: Իսկ երկրորդ սցենարի դեպքում, եթե Ադրբեջանը ՌԴ-ի թողտվությամբ սրի իրավիճակը, ապա իրադարձությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից և անգամ Ռուսաստանն ի վիճակի չի լինի վերահսկել բռնությունն Արցախում:

Հնարավոր է նաև, որ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանի մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը Հայաստանին դրդում է քաղաքական զիջումների, նույնիսկ եթե դա այդպես չէ, ինչը ևս զեկույցի հեղինակի կարծիքով ռիսկային է, քանի որ անորոշ ժամանակով քաղաքական ստատուս-քվոյի պահպանումը Ադրբեջանի համար ձեռնտու չէ, այնպես որ Ռուսաստանը չի կարող շարունակել ձգձգել հարցը առանց որոշակի արդյունքների:

Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ենթակա է տատանումների, քանի որ վերաբերում է Կովկասում ազդեցության պահպանման երկարաժամկետ շահերին։ Մոսկվայի վերջնական նպատակն է պահպանել ազդեցություն Հայաստանի ու Ադրբեջանի վրա ու ղարաբաղյան հակամարտությունը գործածել որպես միջոց՝ երկու երկրներում իր դիրքորոշումը ձևավորելու համար։ Հենց դա կդառնա առանցքային գործոն՝ հակամարտության քաղաքականության ու անվտանգության էվոլյուցիայի համար։ Իսկ հակամարտությունը, առաջիկա ամիսներին, ըստ երևույթին, ավելի պայթյունավտանգ կդառնա՝ ամփոփում է հեղինակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031