Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ պետք է պատասխանատու խումբ, ժամկետ». Կարեն Կարապետյան

Մարտ 04,2017 16:14

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում շարունակվել է քննարկումը  ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները  վարչապետին են զեկուցել իրենց ոլորտների  գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին, ներկայացրել առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Անդրադարձ է կատարվել գերատեսչությունների ներկայացրած ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետին են ներկայացվել այս ուղղությամբ կատարվող քայլերը, այդ թվում՝ ծրագրերի մեկնարկի, գործընկերների հետ համագործակցության, ֆինանսական աղբյուրների հստակեցման ուղղությամբ և այլն: Ներդրումային ծրագրերի առնչությամբ   վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է հստակ հանձնարարականներ և նշել. «Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացրել ենք հանրությանը, պետք է բաժանել ըստ մարզերի և ըստ ժամանակացույցի, ու յուրաքանչյուր եռամսյակը մեկ հանրությանը տալ հաշվետվություն, թե մեր ծրագրվածից ինչն ենք կատարել, ինչը՝ ոչ»:

Զեկուցվել է, որ տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում նախատեսվում են 119 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք ունեն աճելու միտում, քանի որ արդեն իսկ մի քանի ընկերություններ կայացրել են ներդրումային ծրագրերն ավելացնելու որոշումներ:  Ոլորտում գերակա ծրագրերը հետևյալն են՝ ճանապարհաշինություն, փոստային կապի ազգային օպերատորի հաստատման գործընթացի կազմակերպում, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի խթանում և միջազգային ընկերությունների մուտքի շարունակական ապահովում, ՏՏ ոլորտի  համար հարկային բարեփոխումների իրականացում, ՏՏ բարձրակարգ մասնագետների պատրաստում, ՏՀՏ տվյալների մշակման կենտրոնի հիմնում, միջհամայնքային երթուղային ցանցի ներդրում, ինչի ուղղությամբ առաջիկայում վարչապետին կներկայացվի ոլորտում գլոբալ փոփոխություններ նախատեսող հայեցակարգը: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի գերակայություններն են՝ հայկական շուկա նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացում, Երևանի և Գյումրիի օդանավակայաններում ուղևորների սպասարկման որակի բարելավում, բյուրոկրատական քաշքշուկների վերացում: Զեկուցվել է, որ ընթացիկ տարի ևս շարունակվում է օդային ուղևորափոխադրումների աճի միտումը, մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24 տոկոսի աճ:

Կրթության և գիտության ոլորտում գերակա ծրագրերն են՝ անցում ծրագրային բյուջետավորման, նախադպրոցական կրթության որակի բարելավում, նախակրթարանների շարունակական ձևավորում, հանրակրթության ամբողջական կրթակարգի ձևավորում, օտար լեզուների խորացված դպրոցների վերականգնում, ուսումնական հաստատությունների շենքային պայմանների օպտիմալացում, 1-4 դասարանների աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» պիլոտային ծրագրի շարունակության ապահովում, ուսուցիչների վերապատրաստում, ավագ դպրոցների աշակերտների ծանրաբեռնվածության բեռնաթափում և  օպտիմալացման բարեփոխումների իրականացում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գերակա ծրագրերն են՝ էներգետիկ ոլորտի 50 մլն դոլար արժողությամբ ներդրումային տարբեր ծրագրերի ֆինանսական աղբյուրի հստակեցում, էներգետիկ ենթակառուցվածքների շարունակական բարելավում, այլընտրանքային էներգետիկայի զարգացում, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացում և այլն:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին,  կատարողականներին և կարևորել կարգապահության ապահովումը: «Ինձ պետք է պատասխանատու խումբ,  ժամկետ, այն, թե, ինչ նյութ ենք մենք ստանալու, այն  ինչ հարցերի է պատասխանելու, ինչ խնդիր ենք դնում ու ինչ արդյունք ենք ուզում ստանալ: Ռազմավարությունը պետք է հասկանալի լինի, պարզ է, որ կյանքը հետո թելադրելու է փոփոխություն, մենք այդ վեկտրորից շեղվելու ենք, բայց գոնե ուղղությունը, թե ուր ենք գնում, պետք է հասկանանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը  հանձնարարել է շարունակել նախանշված ծրագրերի ուղղությամբ հետևողական աշխատանքը և այն պահել մշտական ուշադրության և վերահսկողության ներքո:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031