Ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում որպես դիտորդ հանդես գալու հայտ են ներկայացրել 6 տեղական հ/կ-ներ: Այս մասին այսօր ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի՝ «Դիտորդական առաքելությունը և դրա իրականացման կարգը ըստ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: «Արդեն ունենք գրանցված հազարից ավելի դիտորդներ: Թվերը վերջնական չեն, դեռ գրանցման ժամանակահատված կա»,-տեղեկացրեց նա:
Լիլիա Հակոբյանը մանրամասնեց նոր Ընտրական օրենսգրքով տեղացի եւ արտասահմանցի դիտորդների համար սահմանված իրավունքների մասին(մանրամասն՝ լուսանկարներում): Նշեց, որ նրանք իրավունք ունեն ներկա լինել ընտրական հանձնաժողովի նիստերին, կալանավորված անձանց քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանը. «ՔԿՀ-ներում ստեղծվելու են տեղամասեր, իսկ տեղական ու միջազգային դիտորդները կարող են իրականացնել իրենց առաքելությունը: Դրա համար պետք է ՔԿՀ դիմել քվեարկության օրից 10 օր առաջ՝ ստանալու մուտքի իրավունք: Դիտորդները պետք է ենթարկվեն այդ տարածքում հաստատված կարգ ու կանոնին»:
Կարդացեք նաև
Հակոբյանի փոխանցմամբ՝ դիտորդները կարող են ծանոթանալ ԿԸՀ-ի, տարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող փաստաթղթերին եւ կատարել քաղվածքներ, նաեւ՝ պահանջել ու ստանալ թեկնածուների հայտարարագրերի պատճեները: Ընդ որում, 3-5 տարվա ազատազրկում է նախատեսվում դիտորդի՝ ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում ծանոթանալուն խոչընդոտելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ