Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) մամուլի հաղորդագրություն է տարածել դեկտեմբերի 6-ին սկսված մի դատավարության առիթով, որտեղ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար պատասխան էր տալու Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Պարոն Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են:
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր եւ թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայ և թուրք ԶԼՄ-ների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվեց թուրքական ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Աշկինը մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։
Պարոն Աշկինը դատարան էր ներկայացել իր փաստաբան պարոն Պլասմանի հետ։ Նա պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Նա հայտարարեց, որ ինքը չի կատարել որեւէ հանցագործություն, քանի որ իր կատարած արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արնահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Այն հարցին, թե արդյո՞ք նա զղջում է իր կատարած արարքից և ցանկանում է ափսոսանք հայտնել, նա պատասխանեց, որ նրա տեսկետը չի փոխվել։
Դատախազը մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով եւ երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ` երկու տարի փորձական ժամկետի պայմանով։ Սա հանդիսանում է մի ուժեղ ազդանշան։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշկինը գործին չի ցուցաբել խոր ըմբռնում և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ»: