Հաց բերող Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է.
01.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ էլ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաև ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչև ոտնաթաթերը: Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաև աջ ոտքի այտուցման գործընթացը: Արթուր Սարգսյանի մոտ շարունակվում են գլխապտույտները, աչքերի ցավն ու գլխացավը, ողնաշարի ցավը, ինչպես նաև՝ կրկին արյան համ է առնում բերանի խոռոչում:
02.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել, հատկապես՝ այտուցվել է նրա ձախ ոտքի ծունկը և նույն օրը, ժամը 16:00-ից մինչը 19:30 նա ունեցել է արյունահոսություն, եթե նախկինում դա տեղի էր ունենում արյունային փսխումների կամ արյունային պարբերական արտադրությունների տեսքով, ապա այս անգամ ավելի ճիշտ բնութագրվում է որպես հենց արյունահոսություն, գրեթե անընդհատ: Ավելի կոնկրետ ըստ Արթուրի, երբ նա մեջքի վրա կիսանստած անկողնին հենված վիճակից թեքվում էր կողքի բերանի խոռոչից արյուն է հոսում: Այս ամենը դիտարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը և գլխավոր թերապևտն ու բժիշկը: Այնուհետև կազմել են արձանագրություն, որը տրամադրել են Ա.Սարգսյանին ստորագրության, սակայն վերջինս հրաժարվել է: Ա.Սարգսյանին պարզաբանել են, որ արձանագրությունն այն մասին է, որ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից: