«Հայք» տեղեկատվական կենտրոնը մարտի 4-ին հյուրընկալել էր Զոյա Թադևոսյանին (ՀԺԿ-Կոնգրես), Սուսաննա Մուրադյանին (ՕՐՕ դաշինք), Մարիանա Ֆրունջյանին («Հայկական վերածնունդ») եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանին: Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ թեկնածու կանայք խոսեցին սեփական կուսակցությունների ծրագրերի, իսկ քաղաքագետը՝ բոլորի մասին:
Զոյա Թադեւոսյանը մասնավորապես նշեց. «Մերժելով պոպուլիզմը, խորհրդարանում մանդատ կորզելու լայնորեն տարածված պրակտիկան՝ ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցում է մի կարգախոսով, որը իրարամերժ կարծիքների տեղիք է տալիս: Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսը անհրաժեշտ է ժողովրդին, որովհետեւ մարդկությունը վաղուց թողել է վայրենության ժամանակաշրջանը»:
Նրա խոսքով, օրինակ ընդունելի չէ քաղաքական այն ուժի ներկայացուցչի տեսակետը, թե Ղարաբաղի հարցը պետք է թողնել Ղարաբաղի ժողովրդին: Զոյա Թադեւոսյանի ձեւակերպմամբ, դա սազական չէ լուրջ քաղաքական ուժին: «Որեւէ տնտեսագետ չի կարող ապացուցել, թե հնարավոր է զարգացում պատերազմի պայմաններում, երբ տնտեսությունը ծանր տնտեսական վիճակում է, վերջին տասը տարիներին Հայաստանից արտահոսել է տասը միլիարդ դոլար, 500 հազար մարդ է արտագաղթել… Ներդրողները, օտարերկրյա կապիտալը շատ զգայուն են քաղաքական իրավիճակի հանդեպ, մի՞թե որեւէ տնտեսագետ դա չգիտի…Աշխարհի ոչ մի պատերազմող երկիր կապիտալ ընդունող երկիր չէ, այնպես որ ժողովրդին պետք չէ մոլորեցնել, որ պատերազմի ժամանակ որեւէ երկիր կարող է զարգանալ»,-ասաց տիկին Թադեւոսյանը: Նա կոչ արեց ժողովրդից բռնագրաված հարստությունը վերադարձնել ժողովրդին:
Սուսաննա Մուրադյանն էլ նշեց, որ հպարտ են երեք հայտնի քաղաքական գործիչների՝ Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սեյրան Օհանյանի միանալով եւ դաշինք կազմելով, որի նպատակն է երկիրը հանել տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից: ՕՐՕ-ի ներկայացուցիչն ասաց, որ իրենց ծրագրում եւս անդրադարձ կա Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացներով արդյունքի հասնելուն: Նա շեշտեց, որ իրենք նպատակ են դրել երբեք չքննադատել որեւէ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի:
Կարդացեք նաև
Սուսաննա Մուրադյանի խոսքերով, իրենց միակ թիրախը ՀՀԿ-ն է, որի քաղաքականության մեղքով է տարեկան 50 000 մարդ լքել երկիրը, իսկ 10 մլրդ գումար դուրս է եկել երկրից:
«Ի սկզբանե ասում ենք, որ բացառում ենք որեւէ համագործակցություն եւ դաշինք` ՀՀԿ-ի հետ, մենք խաղեր տալու համար չենք եկել, այլ ուզում ենք իրականացնել մեր ռեալիստական ծրագիրը, որը մարդակենտրոն է»,-շեշտեց ՕՐՕ-ի ներկայացուցիչը:
Ապա մի քանի ծրագրային կետեր նշեց, այդ թվում այն, որ բանակին տարեկան պետք է տրվի 50 մլրդ դրամ գումար, տնտեսությունը առողջացնելու ծրագրեր լինեն, նաեւ ներգաղթի կազմակերպում կկարեւորվի, գյուղատնտեսության վարկավորում իրականացվի, ծնելիության խթանում եւ այլն:
Մարիանա Ֆրունջյանն ասաց, որ ինքը համակարգում է «Հայկական վերածննդի» հասարակական-քաղաքացիական պլատֆորմը: «Յուրաքանչյուր հ/կ կարողացավ դուրս բերել այն հիմնախնդիրները, որոնց տարիներ շարունակ առնչվել է»,-ասաց նա: Խոսեց նաեւ ավանդների վերադարձի մասին ու ասաց, որ գործընթացը շարունակվում է, եւ այդտեղ պոպուլիզմ չկա: «Յուրաքանչյուր հիմնախնդիր, որ ներկայացրել ենք, ներքեւից ենք խնդիրը բարձրացրել: Երկուշաբթի կլինի մեր շնորհանդեսը եւ մեր առաջնորդը պետականամետ լինելով` կներկայացնի մշակված քայլերը»,-հավելեց նա:
Լեւոն Շիրինյանն արձանագրեց, որ հաստատվել է այն թեզիսը, որ եթե երկիրը կուսակցական-քաղաքական համակարգով նորմալ օրգանիզմ չունի, անթույլատրելի է խորհրդարանական մոդելին անցնելու: «Պայքարող հիմնական զանգվածները միավորվել են շահերի խմբերի մեջ, հուսանք, որ դա չի շարունակի մնալ ոչ քաղաքական գործընթաց»,-ասաց քաղաքագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ