«Ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունները հատուկ են լինելու. քաղաքական համակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու: Խորհրդարանի ընտրությունները երբեք իրենց թեժությամբ չեն զիջել նախագահական ընտրություններին»,-ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի՝ «Դիտորդական առաքելությունը և դրա իրականացման կարգը ըստ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ փորձագետ, իրավագետ Ալեքսեյ Կարցովը:
Նրա գնահատմամբ՝ ՀՀ նոր Ընտրական օրենսգրքում ամրագրված մեխանիզմները երաշխիքային են եւ հիմնականում ուղղված են ընտրությունների ժամանակ անճշտությունների եւ խախտումների բացառմանը. «ԸՕ նորամուծությունները թույլ են տալիս հետեւություններ անել, որ դրանք դրական են»:
Փորձագետը նկատեց, որ ըստ ԸՕ-ի՝ համամասնական սկզբունքով մանդատների բաշխման դեպքում տարածքային բաժանումներ են կատարվել. «Բացարձակ մաքուր համամասնական ընտրական համակարգ չկա ողջ աշխարհում: Կան անկատարություններ, որոնք բնորոշ են համամասնական ընտրակարգին եւ դա ՀՀ-ին էլ է վերաբերում»:
Ինչ վերաբերում է տարածքային ցուցակներին, Կարցովը կարծում է, որ դրանց սահմանումը ժողովրդավարության ցուցիչներ են, թեեւ վարչական եւ ռեսուրսը նույնպես կարող է կիրառվել համամասնական եւ տարածքային համակարգերում. «ՀՀ քաղաքացին ունի ոչ միայն ընտրելու, այլեւ ներկուսակցական ժողովրդավարության պահպանման իրավունք»:
Կարդացեք նաև
Ալեքսեյ Կարցովի խոսքով՝ չարժե թերագնահատել ԸՕ-ով սահմանված տեխնիկական նորամուծությունները, որոնք արդեն իսկ կիրառվում են ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում. «Քվեարկության ընթացքի տեսագրումը եւ ուղիղ հեռարձակումն օգնում են հոգեբանական միջավայրին եւ իջեցնում անվստահության մակարդակը, որը բացասական է անդրադառնում ընտրությունների վրա»:
Կարցովը նաեւ համոզմունք հայտնեց, որ սովորական ընտրողի համար բարդ է հասկանալ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը. ՙՔաղաքացիները պետք է կարդան ու ծանոթանան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ