Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմինե Հովհաննիսյան. Խորհրդարանում ռոտացիոն սկզբունքով թարմություն մտցնելը պակաս կարեւոր չէ սերնդափոխությունից

Մարտ 04,2017 11:30

«Առավոտ» օրաթերթի զրուցակիցն է Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, որը ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երեւանի թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում:

– Տիկին Հովհաննիսյան, Դուք Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող դպրոցներից մեկի տնօրենն ենք, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել պատգամավորության թեկնածու:

– Պատգամավոր դառնալն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Անհանդուրժող եմ մարդկանց հանդեպ, ովքեր ԱԺ-ում զուտ ֆիզիկական ներկայություն են ապահովում: Ինձ համար անընդունելի է, որ մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, զբաղված են «աթոռ մաշեցնելով» եւ չեն արդարացնում իրենց խորհրդարան գործուղած քաղաքացիների սպասելիքները: Խորհրդարանում սերնդափոխություն է անհրաժեշտ, սակայն պակաս կարեւոր չէ նաեւ ռոտացիան թիմի ներսում, երբ փորձառու պատգամավորներն իրենց տեղը զիջում են բավական մեծ կենսափորձ ունեցող, ամեն մեկն իր ոլորտի գիտակ իրենց գործընկերներին, որոնք ասելիք ու անելիք ունեն խորհրդարանում: Չէ՞ որ երիտասարդի մտքի ճկունությունն ու մեծի փորձառությունը պետք է համադրել, այլ ոչ թե հակադրել: Ուստի կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման պարագայում ԱԺ-ում պետք է լինեն միայն նրանք, որոնք տեսլական, ծրագիր ու երկիրն ավելի լավը դարձնելու երազանք ունեն: Թեկնածությունս առաջադրելու որոշումը պայմանավորված է ինձ մոտ նշածս երեք բաղադրիչների առկայությամբ:

– Քարոզարշավի ընթացքում ի՞նչ ծրագիր եք պատրաստվում ներկայացնել հանրությանը:

– Իմ ծրագրերը, բնականաբար, վերաբերում են կրթության, սոցիալական ապահովության ոլորտներին: Ես իմ մանկավարժական գործունեությունը սկսել եմ շարքային ուսուցչի կարգավիճակում, այնուհետ դարձել եմ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն: Ինձ քաջ ծանոթ են հանրակրթության ոլորտի բացթողումներն ու խնդիրները: Մենք լուրջ անելիք ունենք, հատկապես մարզերում եւ սահմանամերձ շրջաններում, որտեղ մասնագետների թվի պակաս կա: Մեծ անելիքներ ունենք նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պետք է գործնական քայլերով մեր հասարակության մոտ ամրապնդել այն դիրքորոշումը, որ 21-րդ դարում միայն դիպլոմի առկայությունը բավարար չէ աշխատանք գտնելու համար: Աննախադեպ մրցակցության մեր ժամանակներում միակ «շահավետ» ներդրումը կրթությունն է, եւ պետությունը պետք է անի առավելագույնը աշխարհի մասշտաբով մրցունակ մասնագետներ պատրաստելու համար:

Երիտասարդները պետք է վստահ լինեն, որ գիտելիքն ու լավ կրթությունը կյանքում հաջողության հասնելու միակ գրավականն են, իսկ ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորվելու արատավոր ավանդույթը պետք է իսպառ վերանա մեր երկրից: Խիստ կարեւորում եմ բուհական կրթությունից հետո նորավարտ մասնագետների վերապատրաստման եւ գործնական աշխատանքին պատրաստելու հաստատությունների հիմնումը: Գործատուների ճնշող մեծամասնությունն այսօր պահանջում է աշխատանքային փորձով մասնագետներ, ինչի հետեւանքով նորավարտները մրցակցությունից դուրս են հայտնվում: Իսկ հետբուհական վերապատրաստման կենտրոնները խնդրի լուծման հիմնավոր երաշխիք կարող են դառնալ: Շատ չմանրամասնելով իմ ծրագրային դրույթները՝ նշեմ, որ իմ խորին համոզմամբ՝ մեկ-երկու տարվա ընթացքում կարելի է շոշափելի արդյունքի հասնել կրթության որակի բարձրացման հարցում: Իմ կարծիքով՝ սա է առաջընթացի ուղին: Մեր երկրի ապագան կիրթ եւ քաղաքականապես հասուն քաղաքացունն է, որը մերժում է «կեղծ մարգարեներին», ընտրակաշառք բաժանողներին ու նախընտրական խոստումներ շռայլող կիսագրագետներին՝ իր ապագան վստահելով քաղաքական ճանապարհ անցած ու ասելիք ունեցող ուժերին եւ անհատներին:

– Ձեր ընտրատարածքում մի շարք մեծահարուստներ են առաջադրվել, արդեն մամուլը գրում է, որ խոշոր չափի ընտրակաշառքի խոստումներ կան, Դուք ի՞նչ եք առաջարկելու ընտրողին:

– Ընտրակաշառք բաժանելու ոչ հնարավորություն ունեմ, ոչ ցանկություն: Դա դեմ է իմ սկզբունքներին: Արդեն ասացի, որ իմ կողմից առաջարկվելիքը բացառապես գաղափարական հարթության վրա է: Քաղաքացիներին ներկայացնելու եմ իմ եւ Հանրապետական կուսակցության ծրագրային դրույթները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Բացատրելու եմ, որ ընտրակաշառքը հարցի լուծում չէ, դա ծուղակ է, որի դիմաց ընտրողը հետագայում բավականին «բարձր գին է» վճարում: Ինչ վերաբերում է Ձեր նշած հրապարակումներին. ես հույս ունեմ, որ մեր ընտրատարածքում առաջադրված մյուս՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեկնածուներն իրենց քարոզչությունը կիրականացնեն օրենքով սահմանված կարգով՝ չխախտելով բարեկրթության եւ առողջ ընտրապայքարի տրամաբանությունը: Հանրապետության նախագահի մակարդակով, այդ թվում՝ Բրյուսելում, հայտարարվել է, որ այս ընտրությունները պետք է աննախադեպ լինեն՝ թափանցիկ եւ ժողովրդավարության տառին համապատասխան: Հուսով եմ՝ որեւէ մեկը չի հանդգնի շեղվել սահմանված նշաձողից:

– Իսկ առաջիկա քարոզարշավը չի՞ խանգարի Ձեր աշխատանքին:

Բացարձակ, ես քարոզարշավի ընթացքում արձակուրդում եմ լինելու: Չեմ ցանկանում, որ այս ընթացքում իմ անձը որեւէ կերպ ասոցացվի տնօրենի իմ պարտականությունների հետ: Ունեմ իմ փոքրաթիվ թիմը, որը որեւէ կապ չունի դպրոցի անձնակազմի հետ: Ընտրողների հետ հանդիպումների, այցելությունների արդեն իսկ կազմված ժամանակացույց, ծրագրեր ունենենք, առաջնորդվելու ենք դրանով:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

– Թեպետ իմ շանսերը բավականին բարձր եմ գնահատում, բայց, իհարկե, կամքը քաղաքացունն է, ու քանի որ ռեյտինգային համակարգն առաջին անգամ է փորձարկվելու, ուստի սա մի յուրահատուկ քննություն է թե առաջադրվողի, թե ընտրողի ու թե այս ընտրակարգի համար: Այնպես որ՝ ցանկացած անակնկալ պետք է սպասել: Ակնհայտ է, որ թեժ ընտրապայքար է սպասվում, ընտրապայքարում ներգրավված են լուրջ կապեր եւ ֆինանսական ռեսուրսներ ունեցող թեկնածուներ, ինքներդ էլ գիտեք՝ ինչ մեթոդներով են գործել տարիներ շարունակ, բայց հույս ունեմ, որ այս անգամ ընտրողն ավելի գիտակից եւ հասուն մոտեցում կցուցաբերի գործընթացին: Կյանքն այս ընտրություններով չի ավարտվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    – Ձեր ընտրատարածքում մի շարք մեծահարուստներ են առաջադրվել, արդեն մամուլը գրում է, որ խոշոր չափի ընտրակաշառքի խոստումներ կան, Դուք ի՞նչ եք առաջարկելու ընտրողին:

    >> ախր ոնց ասեմ,
    հարցից արդեն իսկ պարզ է

    խոսք չկա

  2. Աննա says:

    Տեսնես այս լրագրողը որ բուհում է սովորել և ինչ գնահատականներով՞
    արդյոք ունի փորջ այլ երկրում աշխատելու
    արդյոք պատկերացնում է, թե ինչ է լրագրողությունը․․․․

    գոնը կարելի էր չէ նախօրոք մի քանի խելացի հարց պատրաստել

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031