Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախի տասնմեկերորդ նիշը

Մարտ 04,2017 17:00
merujan Ter-Gulanyan

Ես նորից վերադառնում եմ նավի տեսիլքին, որի մասին մի անգամ արդեն գրել եմ. ասելիքս էր` նավի տեսիլք չունեցող ազգը իր ներսից նավապետ չի կարող ծնել: Այնինչ արդեն մոտենում է նավապետ ընտրելու շրջանը, եւ մեր ամենօրյա մանրախոսությունները, ենթախոսությունները եւ ենթագուշակությունները շատ հեռավոր առնչություն ունեն այն նավի հետ, որի համար նավապետ ենք ուզում ընտրել:

Ո՞ւր, ի՞նչ ճանապարհ ենք նախընտրում մեր բազմաչարչար նավի համար: Հյուսի՞ս, հարա՞վ, արեւե՞լք, թե՞ արեւմուտք, թե՞ պիտի շարունակենք կոմպլեմենտարիզմի անհողմությամբ ճոճվել անորոշության ջրերի վրա:

Հետաքրքիր է, այսօր ով գիտի, թե իր խորքում իրականում ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը, եւ ով է, որ պետք է ձեւակերպի նրա համընդհանուր` թերեւս չգիտակցված կամքը, ականջը դրած ժողովրդի սրտին` լսելով նրա ձայնը:

Ձին, մեքենան գեղեցիկ են, անհրաժեշտորեն օգտակար, բայց ձիուն ղեկավարում է ոչ թե սանձը, այլ ձիավորը, ինչպես մեքենային ղեկավարը: Եվ ես հիմա այս պարզ մտորումների շրջածիրում հստակ տեսնում եմ, թե ինչպես հայրենական նավը մոտավորապես ճանաչող գործիչները իրար հրմշտելով ձգտում են դեպի ղեկը՝ մոռանալով, որ ղեկը չէ, որ առաջնորդում է նավին, այլ նավապետը:

Ու ինձ թվում է նաեւ, որ մեր գործիչների մի ստվարախումբ, չունենալով որոշակի զբաղմունք, մտել են քաղաքականություն կամ պատահաբար հայտնվել են այնտեղ եւ հիմա չեն կարող դուրս գալ ու տուն վերադառնալ, թերեւս իրենք գիտեն, որ չունեն որոշակի ասելիք ու նմանվում են այգիներում ու հրապարակներում իրենց հույսը զառի վրա դրած, խաղացող թոշակառուների: Կամ նման են պատահաբար իշխանության մեջ հայտնված այն չինովնիկին, որ ի տես ժողովրդի՝ մի անգամ մի ծառ է տնկել, բայց մոռացել է ջրել:
Ինչքան էլ արճճի ծանր համառությամբ մեզ ճնշում էր ձմեռային թանձր մշուշը, միեւնույն է՝ գարունը գալիս է ճիշտ ժամանակին՝ անտեսանելի ձեռքերով մառախուղից ազատելով մեզ եւ ձմեռատառապ մեր շնչերը:

Եվ մառախուղից ազատագրված եւ անհուսահատ մեր աչքերն արդեն տեսնում են դեռեւս չծաղկած ծիրանի ծաղիկը, ինչպես ամիսների մշուշից հետո Մագելան-նավապետը վերջապես տեսավ Մեծ Ծով տանող նեղուցը, որի միջով, առաջին մարդն էր, որ պիտի անցներ:

Եվ հետաքրքիրն այն է, որ օր օրի բացվող գարնան մեջ ես տեսնում եմ մեր հոգեւոր ներքին ծով դուրս եկող մեր նավը, եւ մենք՝ բոլորս, պիտի ընտրենք նավապետին, եւ նավապետի կոչերի մեջ մե՛ր ձայնը պիտի հնչի, որը թիրախի տասնմեկերորդ նիշն է:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031