Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ պայքարի պատրաստ է

Մարտ 04,2017 16:30

Հարցազրույց Արարատի մարզում ռեյտինգային
ընտրակարգով ՀԱԿ-ի կողմից առաջադրված Վարդան Բեյլերյանի հետ

– Ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ:

– ՀԱԿ-ը ինձ համար հարազատ կուսակցություն է, եւ ես ընդունել եմ ՀԱԿ-ի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում թեկնածու առաջադրվելու առաջարկը:

Սակայն չեմ թաքցնում, որ իմ միակ նպատակը պատգամավոր դառնալը չէր: Լինելով հայրենադարձ՝ ցանկանում եմ բարձրաձայնել Սփյուռք-Հայաստան կապերի մասին իմ պատկերացումները, ներկայացնել մեր ժողովրդին հուզող հարցերի ու խնդիրների լուծումների իմ տեսլականը: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է ներգրավված լինեն Հայաստանի զարգացման գործընթացներում: Հայաստանում պետք է համոզիչ պայմաններ ստեղծել, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները ներդրումներ կատարեն Հայաստանում: Վերջապես, կարծում եմ, որ պետական մակարդակով սփյուռքահայերի ներգաղթ պետք է կազմակերպել դեպի Հայաստան` ամեն պայման ստեղծելով, որպեսզի սփյուռքահայերն ամրապնդվեն հայրենիքում: Հայաստանի կառավարությունը նաեւ պատշաճ աջակություն պետք է ցուցաբերի այստեղ բնակություն հաստատած սփյուռքահայերին:

– ՀԱԿ-ը Ձեզ առաջադրել է ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում: Այդտեղ բավական թեժ պայքար է սպասվում. ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն թեժ պայքար են մտնելու` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր թիմակիցներով պայքարելու է «Ծառուկյան» դաշինքին ձայներ ապահովելու համար` ընդդեմ նախկին կուսակիցներ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների: Այստեղ մեծ ազդեցություն ունի նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը եւս ՀՀԿ-ի օգտին է աշխատելու: Ինչպե՞ս եք պայքարելու նրանց դեմ:

– Առաջադրվելով Արարատի մարզում՝ մեր թիմը եւ ես տեղյակ էինք, որ այստեղ թեժ պայքար է գնալու: Բայց, իմ կարծիքով, այսօր երկրում տիրող իրավիճակում պատասխանատու են նաեւ ձեր կողմից նշված անձինք ու քաղաքական ուժերը: Նրանք փող են դրել, այդ փողին համարժեք ձայն են փորձելու հավաքել: Մենք խաղաղության ծրագիրն ենք ներկայացրել, եւ ամեն մեկս, ինչքան հնարավոր է, ձայն կբերենք այդ ընդհանուր ծրագիրն իրականացնելու համար:

Մեր խնդիրն է լինելու ընտրողին ճիշտ ու շիտակ ներկայացնել իրավիճակը եւ քարոզարշավի ժամանակ մարդկանց հասցնել այդ գաղափարները, այդ թվում նաեւ՝ արդի սոցիալական խնդիրների լուծման մեր ծրագրերը:

– ՀԱԿ-ը չունի նախկին հեղինակությունն ու ժողովրդականությունը. սա Ձեզ չի՞ կաշկանդում, ինչպե՞ս պետք է ընտրողին համոզեք:

– 2008 թվականը ՀԱԿ-ի հեղինակության գագաթնակետն էր: Մարտի 1-ի սպանդից հետո ՀԱԿ-ի մոտ 150 ամենաակտիվ գործիչներին լցրեցին բանտերը եւ ճնշումներ կիրառեցին մոտ 1000 ակտիվիստների նկատմամբ: Չնայած դրան՝ շարժումը 2008թ.-ից հետո էլ եւ վերելքներ է ունեցել, եւ վայրէջքներ: Բայց քանի որ Հայաստանում 2012 եւ 2013 թվականների ընտրությունները նույնպես կեղծվել են, ուստի չենք կարող կուսակցությունների հեղինակությունների մասին իրական պատկերը ունենալ: Չենք կարող հիմք ընդունել նաեւ սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

ՀԱԿ-ի ժողովրդականությունը նվազեց, որովհետեւ չհաջողվեց իշխանափոխություն անել: Այսինքն՝ ՀԱԿ-ը չկարողացավ ռեժիմը հեռացնել: Չնայած դրան՝ անցած տարիների ընթացքում մեր երկրում քաղաքական օրակարգ ձեւավորել, մարտահրավերներին գնահատական եւ լուծումներ առաջարկել է միայն ՀԱԿ-ը: Այս 9 տարիների ընթացքում ՀԱԿ-ը ճանապարհներ է որոնել եւ այժմ էլ որպես Հայաստանի զարգացման ճանապարհ ընտրել է «խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության» ծրագրի իրականացումը: Նաեւ իմ համոզմունքն է դա, եւ ես իմ ուժերի ներածի չափով կնպաստեմ դրա իրականացմանը:

– Խոսակցություններ կան, որ մարզպետարաններին հանձնարարված է տեղերում ոչ պաշտոնապես աջակցել ՀԱԿ-ի գրասենյակների բացմանը, նախընտրական գործընթացներում ՀԱԿ-ի համար մարդկանց ներգրավել, ֆինանսավորել: Այդ գործընթացների վերահսկողությունն էլ անձամբ մարզպետների վրա է դրված: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, Դուք Արարատի մարզպետից համապատասխան աջակցություն ստանո՞ւմ եք:

– Դրանք անհեթեթ խոսակցություններ են, ես այդ հարցին չեմ անդրադառնա:
Համենայնդեպս, ինձ նման բան հայտնի չէ:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ.- Հարցազրույցը տեղի է ունեցել նախքան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` սփյուռքահայերին ուղղված կոչը:

 

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031