Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ու Ալիեւն իսլամական աշխարհին «ոտքի են հանում»՝ ԼՂ խնդրով

Մարտ 04,2017 12:00

Թուրքիան ու Ադրբեջանը ԼՂ հակամարտությունում կրոնական գործոն են մտցնում

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը լարված է: Ադրբեջանը կրակում է հրթիռահրետանային կայանքներից, կիրառում է հակատանկային կառավարվող հրթիռներ: Սա նախապատերազմական իրավիճակ է` առանց չափազանցությունների:

Առաջին արձագանքը հարեւան Իրանից հնչեց: Իրանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հանդես եկավ հայտարարությամբ, որում Հայաստանին եւ Ադրբեջանին «զսպվածության» կոչ արեց: «Իրանը հյուսիսային իր երկու հարեւաններին կոչ է անում անել առավելագույնը երկխոսության եւ բանակցությունների միջոցով տեղում իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է Քասեմին` հավելելով, որ իրանական կողմը պատրաստակամ է «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատել։

Սերժ Սարգսյանն օրերս Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կառույցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպմանը փաստեց. «Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու եւ զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է, եւ այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:

Սա Սերժ Սարգսյանի կողմից հստակ ուղերձ էր միջազգային հանրությանը` Ադրբեջանին սթափեցնելու համար: Այսօր շատ բան է, իսկապես, կախված նրանից, թե ինչպես է արձագանքելու միջազգային հանրությունն Ալիեւի հերթական «պոռթկմանը», որի նպատակն էլ հենց ստուգելն է միջազգային հանրության զգոնությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի` Միացյալ Նահանգների նոր նախագահի վարչակազմի համար հազիվ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թեժացած իրավիճակը, նույնիսկ Հարավային Կովկասն այսօր օրակարգային հարցերի թվում առաջին տասնյակում, կամ քսանյակում լինեն:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, թերեւս, միակ ձեւաչափը, որտեղ բացահայտ հակասություններ չէին դրսեւորում, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն էր: ԱՄՆ նախագահական նոր ընտրություններից հետո պաշտոնական Վաշինգտոնը որոշակիորեն պասիվ է այդ հարցում: Մոսկվան, որը վերջին տարիներին ցույց էր տալիս, որ կարգավորման «ղեկը» ձեռքում է պահում, շարունակում է «կառավարումը», թեեւ Բաքվից արդեն որոշ դժգոհություններ հնչել են մոսկովյան բանակցություններից:

Ստեղծված իրավիճակում պաշտոնական Բաքուն փորձում է Իսլամական համագործակցության երկրներին «ոտքի կանգնեցնել»` Անկարայի օգնությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տնտեսական համագործակցության եւ Իսլամական համագործակցության կազմակերպություններին կոչ է արել վճռականություն ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման հարցում: Էրդողանը հորդորել է այդ հարցը բարձրացնել միջազգային յուրաքանչյուր հարթակում: Այս հայտարարությունից մի քանի օր առաջ Էրդողանի գլխավոր խորհրդականն էր հայտարարել, թե «հայ-ադրբեջանական հակամարտությունը արդիական է ողջ իսլամական աշխարհի՝ 1 մլրդ 700 մլն մուսուլմանների համար», եւ որ ԼՂ խնդիրը «վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին»: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ միակողմանի հայտարարությամբ` դատապարտելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»` մեղադրելով Հայաստանին:

ԼՂ հակամարտությունում կրոնական գործոն առաջ քաշելու միտումը բավական վտանգավոր է, եւ ըստ ամենայնի` Բաքուն ու Անկարան առաջիկայում այդ ուղղությամբ ջանքերը մեկտեղելու են: Հայտնի է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են առաջիկայում հանդիպել, ըստ ադրբեջանական գործակալությունների` պայմանավորվածությունը ձեռք է բերվել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Հայտնի է նաեւ, որ առաջիկայում հանդիպելու են նաեւ Պուտինն ու Էրդողանը: Թուրքիայի նախագահը Ռուսաստան է այցելելու մարտի 9-10-ը, բանակցություններ է վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր Էրդողանի` մարտի 9-10-ը կայանալիք այցը Ռուսաստան։ Ըստ ամենայնի, իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում կքննարկեն նաեւ Պուտինն ու Էրդողանը:

Մեկնարկել է նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման գործընթացը, սակայն առայժմ հանդիպման ժամկետները հայտնի չեն: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը օրերս նշել էր, որ այդ հարցը քննարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին երկկողմ հանդիպման ժամանակ՝ Բոննում. «Խոսվել է նաեւ հարաբերություններում խնդիրների մասին, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում առաջիկա կապերի, այդ թվում՝ նախագահների առաջին անձնական հանդիպման նախապատրաստության մասին: Ցանկանում եմ անմիջապես ասել, որ այդ հանդիպման ամսաթվերի եւ վայրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց դրա անցկացման պրակտիկ նախապատրաստությունը սկսված է, եւ այդ հաշվով կա ամերիկյան կողմի հետ փոխըմբռնում»: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա G20-ի գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է 2017-ի ամռանը։

Պուտին-Թրամփ հանդիպման ընթացքում, որ դեռեւս նախապատրաստական փուլում է, իհարկե՝ չարժե միանշանակ կանխատեսել, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում կարտահայտվի: Բացի այդ` Պուտին-Թրամփ հանդիպումը, ըստ ամենայնի, այդքան էլ շուտ չի կազմակերպվելու, իսկ իրավիճակը ԼՂ գոտում ավելի ու ավելի է լարվում:

Այս՝ բավական բարդ իրավիճակում պաշտոնական Երեւանի կողմից դիվանագիտական լուրջ աշխատանք մոբիլիզացնելու անհրաժեշտություն կա, միջազգային հանրության ակտիվությունը որոշակիորեն կզսպի Ալիեւի նպատակը` հետագա էսկալացիաներով աշխարհի ուշադրությունը ԼՂ հակամարտության վրա հրավիրել:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 03.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031