Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ֆիզիկոսները կարտադրեն իզոտոպներ, որոնք մինչ այդ ներկրում էինք արտերկրից

Մարտ 04,2017 16:00

Հատկապես չարորակ նորագոյացությունների ախտորոշման համար այդքան կարեւոր ռադիոիզոտոպների արտադրությունը մեր երկրում ձգձգվում է: Մինչդեռ մեկ օր շուտ այդ կենտրոնի շահագործումը մարդկանց կյանք կարող է փրկել, բացի այդ՝ նպաստել, որպեսզի հազարավոր դոլարներ գնան ոչ թե արտերկրների բյուջեներ, այլ Հայաստանի: Տարիներ ի վեր մեր երկրի որոշ թվով քաղաքացիներ ստիպված են լինում քաղցկեղի կամ սրտանոթային լուրջ հետազոտությունների համար մեկնել արտերկիր` չնայած նրան, որ մեր երկրում միջազգային կարգի պատրաստված բժիշկներ կան: Բայց քանի որ ճշգրիտ ախտորոշող սարքերը բացակայում են, այդ բժիշկների գործն էլ լիարժեք չի լինում, եւ ով քիչ թե շատ ապահովված է ապրում, նման խնդիրներ ունենալիս գերադասում է արտերկրում հետազոտվել եւ բուժում անցնել:

Երեկ Ռադիոիզոտոպների կենտրոն այցելած առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի իզոտոպների բաժնի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ալբերտ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ի վերջո՝ ե՞րբ է բացվելու մեր երկրի քաղաքացիների առողջության համար այդքան կարեւոր կենտրոնը:
«Մարտ-ապրիլ ամիսներին»,- ասաց նախարարը: Պարոն Ավետիսյանը երաշխիքներ ուզեց, որովհետեւ, նրա խոսքով, ոլորտի նախկին պատասխանատուներն էլ ժամկետներ են նշել, սակայն նրանց սահմանած ժամկետներում կենտրոնն այդպես էլ չի բացվել: Նախարարն ասաց, որ իր նշած ժամկետին գրեթե ժամանակ չի մնացել, եւ որ երաշխիքը հենց դա է:

«Առավոտ»-ի հետ զրույցում Ալբերտ Ավետիսյանն ասաց, որ կենտրոնում տեղադրված է տարածաշրջանում միակ արագացուցիչը` բելգիական արտադրության ցիկլատրոն Ց-18, որն արտադրում է հատուկ իզոտոպ ախտորոշման համար: Այս իզոտոպը բարձրացնում է հատկապես գանգուղեղի քաղցկեղի ախտորոշման որակը. «Եթե սովորական համակարգչային տոմոգրաֆիայով ստուգում են հիվանդի մոտ ուռուցքների առկայությունը կամ արյան շրջանառության հոսքի արագությունը եւ այլն, այս իզոտոպներով, որն այստեղ արտադրվելու է` ֆտոր 18-ը, շատ ավելի մեծ ճշգրտությամբ է թույլ տալու գտնել ուռուցքի տեղը եւ չափերը, եւ եթե հետագայում պետք է լինում վիրահատություն, վիրաբույժը շատ ավելի մեծ ճշտությամբ է վերացնում ուռուցքը` առանց առողջ հյուսվածքներին կպնելու»:
Ալբերտ Ավետիսյանը հայտնեց, որ Ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկոսները նաեւ մտադիր են այդ նույն արագացուցիչի վրա, առանց լրացուցիչ ծախսեր կատարելու, զուգահեռ արտադրել այլ տեսակի իզոտոպներ եւս, որոնք ներկայումս կիրառվում են մեր բժշկության մեջ, բայց ներկրվում են արտերկրից:

Նախկինում այդ տեսակի իզոտոպներ մեր երկրում արտադրել չենք կարողացել, քանի որ, ինչպես մեր զրուցակիցն է բացատրում, դրանց կյանքի տեւողությունը շատ կարճ է, եւ դրանք պահելու հատուկ տեխնոլոգիաների բացակայության պատճառով բերվել են դրսից:
«Միայն հատուկ տեխնոլոգիաներ կան, որ դուրսը կարելի է արտադրել եւ մայրական իզոտոպը բերել, որը տրոհվելով՝ կտա մեր ուզած իզոտոպը: Այս արագացուցիչը թույլ է տալիս հենց այստեղ՝ տեղում արտադրել, որը շատ ավելի էժան ու մատչելի կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Պարոն Ավետիսյանն ասաց, որ իրենք ժամանակին փորձ են արել ունեցած էլեկտրոնային արագացուցիչով արտադրել, բայց, ցավոք, այդ արագացուցիչի հզորությունը չի բավարարել, որպեսզի կոմերցիալ քանակներ արտադրեն. «Փորձնական քանակը եղել է շատ բարձր որակի, բայց դրա ինքնարժեքը շատ բարձր էր, որովհետեւ արագացուցիչի հզորությունը չէր հերիքում մեկ օրվա ընթացքում այնքան արտադրել, որ տասը հիվանդի համար օգտագործվեր»:

«Առավոտի» հարցին, թե կարո՞ղ ենք այդ իզոտոպներն արտահանել` հատկապես, որ սարքավորումը տարածաշրջանում միակն է, պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ իմաստ չունի, քանի որ դրանց կյանքի տեւողությունը քիչ է` ընդամենը 108 րոպե է. «Լավագույն դեպքում կարելի է տանել Թբիլիսի, որը չունի եւ ներկրում է Ուկրաինայից, Թուրքիայից»:

Հայաստանն, օրինակ, ներկրել է Ռուսաստանից եւ Արեւմտյան Եվրոպայից:
Բացի այդ, պարոն Ավետիսյանը կարծում է, որ ցանկացած բժշկական բան արտահանելն «այնպիսի գլխացավանք» է` լիցենզիայի, ստուգումների եւ այլնի հետ կապված, որ այդ գործընթացը տարիներ կտեւի: Բացի այդ, նրա համոզմամբ, դա արդեն իսկ մեծ նվաճում կլինի մեր երկրի պահանջարկը բավարարելու դեպքում:

«Սա Հայաստանի համար շատ հեռանկարային է, ափսոս, որ մեկուկես տարի է՝ ձգձգվում է այս կենտրոնի շահագործումը: Կան մի շարք բյուրոկրատական պատճառներ, որ շահագործումը դեռ չի սկսվում, բայց, վերջիվերջո, կաշխատի, եւ այն նաեւ բժշկական տուրիզմը կխթանի, իսկ որ ամենակարեւորն է` մարդկանց հոգսը կթեթեւանա, ու ստիպված չեն լինի ստուգման համար մեկնել արտերկիր, վճարել մի քանի անգամ ավելի թանկ»:
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանի տվյալներով՝ հետազոտությունը չի գերազանցի 1200 դոլարը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031