Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի առաջին բնակիչ. «Ապրում էի Ռոբինզոնի նման, հաճախ շուն, վայրի կատու եմ խփել, որ ուտեմ, բայց այնտեղ տեր էի, ուժեղ էի, որեւէ մեկից կախում չունեի»

Մարտ 04,2017 15:30

Պատերազմի դեմքը

Ծարավ Աղբյուրի նորակառույցներից ձախ՝ ցեխոտ ճանապարհը տանում է Լաչինի առաջին բնակչի՝ Ալբերտ Ավետիսյանի «առանձնատուն»:

Լուսանկարում պատկերված «առանձնատանն» ապրում են երկուսով՝ 24-ամյա դստեր հետ. երեխան Լաչինի առաջին ծնունդն է եղել: Երբ քաղցկեղից մահացել է բուժքույր կինը, Ալբերտն այլեւս անելիք չուներ ու դստեր հետ վերադարձել է Երեւան: Դուստրը մինչ չափահաս դառնալը գտնվում էր մանկատանը: Այսօր հաց վաստակելու համար երբեմն ժամավճարով մատուցող է աշխատում: Հոգնատանջ աշխատանքը, թերսնումը, նորմալ կացարան չունենալն իր դաժան դրոշմն է դրել դստեր սրտի վրա, որի ցավերը մեղմացնելու համար հաճախ են շտապօգնություն կանչում…

Ծարավ Աղբյուր գնալուս պատճառը մի քանի օր առաջ պատահածն էր. Ալբերտը, որը ողջ ձմեռ ՊՆ-ից ստացած փայտով է տաքացրել իր տնակը, 60 հազար դրամի հոսանքի պարտք ուներ: Նա զայրացած ջարդել է անորոշ վայրում փակցված հաշվիչը, այն ամրացրել իր տնակի խարխուլ պատին:


Ո՞վ է Ալբերտ Ավետիսյանը, որն այս տարվա մայիսին կդառնա 80 տարեկան:
Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամը շարժումից առաջ եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության վարորդը:


Շարժման օրերին, երբ «Ղարաբաղ» կոմիտեի տղաներին տեղափոխել էին Մոսկվա՝ Բուտիրկա, գնացել է բանտ, որպեսզի տեսնի տղաներին: Հայտնի է «Լաչինի Աբո» անվամբ: Սյունիքի աշխարհազորի հրամանատար Նորայր Խանզադյանի գրության համաձայն, Ալբերտը 1993թ. եղել է Գորիսի եւ հարակից շրջանների արտակարգ դրության պարետ Պ.Հայրիկյանի կողմից ստեղծված Սյունիքի աշխարհազորի կազմում: Մասնակցել է տարածքի պաշտպանությանն ու վերաբնակեցմանը: Եղել է Լաչինի շրջանի Աղավնո, Սուս, Ջաղազուր, Գյուսուլլու, Միշենի, Մինքենդ, Հոջազ գյուղերում եւ Ղուբաթլիում:

Հիշում է, թե ինչպես են ութ ազերիներ շրջապատել իրեն, գիշերել իր հետ նույն այն կացարանում, որտեղ մենակ էր: Այս դեպքում…թշնամին խնայել է, ողջ է մնացել:
«Ապրում էի Ռոբինզոնի նման, հաճախ շուն, վայրի կատու եմ խփել, որ ուտեմ: Բայց այնտեղ տեր էի, ուժեղ էի, որեւէ մեկից կախում չունեի»,-ասում է Ալբերտ Ավետիսյանը:
Զինամթերքի տեղափոխման ժամանակ վիրավորվել է գլխից, կոտրվել է աջ ուսը, ձախ ոտքը, երկար ժամանակ բուժվել է Գորիսի հիվանդանոցում: Կհարցնեք, թե նա պարգեւներ ունի.՞ անվանական զենքեր պաշտպանության երկու նախարարներից՝ Վազգեն Սարգսյանից ու Սեյրան Օհանյանից:


Ալբերտը ստանում է 84 հազար դրամ թոշակ: Կացարանում չկա լողարան, զուգարան: Կացարանի պատին մի նկար կա միայն. առաջին ու միակ նկարը զինվորական հագուստով: Ի դեպ, 90-ների տղաների գերակշիռ մասը չի նկարվել, նկար չունի, եւ առանձնակի հարգանքի են արժանի այս համեստագույն հերոս տղաները:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031