Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կրթության ոլորտում չպե՛տք է սոցիալականը շեշտադրվի»

Մարտ 04,2017 15:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ

-Պարոն Շահինյան, 2016թ. վերջերին վերընտրվեցիք ռեկտորի պաշտոնում: Կուզեինք ամփոփ տեղեկացնեիք անցած տարիների եւ ձեր պաշտոնավարության առաջիկա ժամանակահատվածում որդեգրած ռազմավարության մասին:

– Ձեր հարցը տարողունակ պատասխան է ակնկալում: Եթե հակիրճ, ապա մեր հաջողություններից ամենագլխավորը՝ ձեռք բերեցինք ինստիտուցիոնալ հավատարմագրում, ինչը հնարավորություն է ընձեռում մեր ուսանողին ստանալ որակավորման ճանաչողություն աշխարհում, մասնավորապես՝ եվրոպական երկրներում: Փաստորեն, մեր կողմից տրված դիպլոմի իսկությունն ու համարժեք լինելը ամրագրեցինք Եվրոպական կոնսերվատորիաների ասոցիացիայի (AEC) լիիրավ անդամ դառնալով: Միայն անցյալ տարվա ընթացքում կնքվել եւ վերակնքվել են հեղինակավոր շուրջ 25 երաժշտական հաստատությունների հետ պայմանագրեր: Մեզ մոտ անց են կացվել ԵԽ «Հայաստանի ինտեգրացումը եվրոպական բարձրագույն կրթության համակարգ» ծրագրի շրջանակներում սեմինարներ՝ առաջատար փորձագետների մասնակցությամբ: Ուսումնական ծրագրերը պետք է լիովին համապատասխանեցնենք միջազգային, մասնավորապես՝ եվրոպական ծրագրերին, ինչն, ի դեպ, արդեն սկսել ենք, որպեսզի ապահովվի ուսանողների «շարժունությունը» բուհից բուհ, այսինքն՝ ուսանողը հնարավորություն ստանա ուսանել եվրոպական բուհերում:

– Իսկ մեր կոնսերվատորիայի դասախոսական կազմը կարո՞ղ է ապահովել այդ մակարդակը:

– Բարեբախտաբար՝ այո, դժբախտաբար՝ ոչ բոլորը: Մեր ժամանակներում ուսանողը համացանցի միջոցով շփվելով աշխարհի հետ, պահանջում է այնպիսի կրթություն, ինչն ապահովում են առաջնակարգ բուհերը: Ուսանողը չի մտածում բուհերի միջեւ եղած ֆինանսական հսկայական տարբերության մասին: Քանի որ բուհերը կամ կրթական կառույցները իրավունք չունեն լուծելու սոցիալական հարցեր, բայց պետք է ապահովեն ամենօրյա կրթական զարգացում, մենք պարտավոր ենք հրավիրել բարձրակարգ դասախոսների, որոնք ի վիճակի կլինեն ապահովել պահանջվող մակարդակը:

– Վերջին շրջանում մեր երաժշտական օջախներում աշխատում են հրավիրյալ երաժիշտներ եւս, ինչը տարաբնույթ խոսակցությունների առիթ է տալիս, քանի որ սահմանափակ են աշխատատեղերը:

– Դեռեւս խորհրդային տարիներից պահպանվել է այն կարծրատիպը, որ բարձրագույն կրթություն ստանալուց հետո պետք է նաեւ ապահովվի աշխատատեղը: Ժամանակն է գիտակցել, որ բուհերի, մասնավորապես՝ կոնսերվատորիայի գերխնդիրը բարձրագույն կրթություն ապահովելն է, ինչից հետո անհատն է կերտում իր աշխատանքային կարիերան: Այսօր Եվրոպայում ունենք 500 միլիոնանոց շուկա, եւ եթե արվեստագետը բարձրակարգ երաժիշտ է, նրա «ռեալիզացվելու» հնարավորություններն անհամեմատ շատ են, քան նախկինում: Օրինակ, մեր կոնսերվատորիայի նախկին ուսանողներից շատերն այսօր աշխատում են եվրոպական մշակութային տարբեր կառույցներում: Մենք պետք է նեգատիվ չնայենք այն երեւույթին, որ արտասահմանից էլ են գալիս այստեղ աշխատելու: Ի վերջո, ցանկացած երաժիշտ ինքն է որոշում որտեղ ապրել, աշխատել ու ստեղծագործել: Ավելի ուղիղ ասեմ՝ արվեստագետին ձգում են այն օջախները, որտեղ աշխատավարձը բարձր է: Հետեւաբար մեր գործատուներին կոչ եմ անում ավելի արդյունավետ օգտագործեն ֆինանսական միջոցները եւ այնպես անեն, որ մանավանդ բարձրարվեստ երաժիշտները ստեղծագործեն հայրենիքում: Հավատացնում եմ՝ ֆինանսական միջոցները արդյունավետ օգտագործելու դեպքում՝ հնարավոր է: Մասամբ այդպես էլ կա, օրինակ՝ Հայաստանում գործող 3 սիմֆոնիկ նվագախմբերում, այլ երաժշտական կոլեկտիվներում եւս աշխատում են մեր շրջանավարտները:

– Հետաքրքիր է տեղեկանալ նաեւ ձեր ղեկավարած բուհի ֆինանսատնտեսական վիճակին:

– Նախորդ 5 տարիների ընթացքում ԿԳ նախարարության աջակցությամբ բարձրացվեց մեկ ուսանողին պետության կողմից տրվող նպաստի չափը եւ պետպատվերի շրջանակներում ընդունելության տեղերի քանակը: Մեզ նաեւ հաջողվեց միջոցներ ստանալ կառավարությունից եւ մասնակի վերանորոգում կատարել:

– Մեր երկրում ամեն ինչ, այդ թվում՝ մշակույթը, զուգահեռվում է սոցիալական խնդրի հետ…

– Այդ խնդիրը ընդհանրապես բոլոր երկրներում է: Մենք ըստ էության խոսում ենք բառի իսկական իմաստով բարձրագույն կրթություն ապահովող կառույցների խնդիրներից: Չպետք է սոցիալական հարցն այստեղ շեշտադրվի: Կարծում եմ եւ վստահ եմ, որ պետք է շեշտադրվի միայն ու միայն կրթական զարգացումը:

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031