Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքր քաղաքում լավագույն դեպքում կարող ես ուսուցիչ աշխատել»

Մարտ 04,2017 14:30

Սեւանցի երիտասարդներն ուզում են վանել գորշությունը

Մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ Գոհար Մնացականյանն ապրում է Սեւանում: «Առավոտի» հետ զրույցում Գոհարը փաստում է, որ բոլոր փոքր քաղաքները նման են խնդիրներով, Սեւանը նույնպես բացառություն չէ: «Շատ տխուր է վիճակը, մարդն ավարտում է ինստիտուտը, վերադառնում է հայրենի քաղաք, սակայն մշակութային ոչ մի բան չկա, չկա նաեւ ինքնադրսեւորման հնարավորություն:

Մեր քաղաքը Սեւանա լճի ափին է՝ 10 րոպեում կարող ես հասնել լիճ, բայց նման հարստություն ունենալով՝ այն ճիշտ չենք օգտագործում: Զբոսաշրջիկները հիմնականում անցնում են քաղաքի կողքով, մտնում են թերակղզի ու հետ են վերադառնում: Հարկավոր էր մի բան մտածել, որ զբոսաշրջիկին գրավեր ու բերեր Սեւան քաղաք: Այդպես եւ վիզուալ առումով շարժ կլինի, եւ սոցիալական ու այլ էֆեկտներ: Բազմաթիվ նախագծեր էինք մտածել, վերջում որոշեցինք մշակույթ-զբոսաշրջություն բանաձեւով հետաքրքիր բան անել, որն ինչ-որ կերպ հետաքրքրի զբոսաշրջային ընկերություններին: Եվ այժմ ստեղծելու ենք արվեստանոց- թեյարան, որի ներսում գործելու է հուշանվերների թանգարան»,- հայտնեց մեր զրուցակիցը, որը նաեւ «Սեւան երիտասարդական ակումբ» հ/կ-ի նախագահն է: Գոհար Մնացականյանը վստահ է, որ զբոսաշրջիկներին եւ հայաստանցիներին կհետաքրքրի, թե տարբեր ժամանակաշրջանում իրար ինչ նվերներ են արել Հայաստանում, օրինակ՝ խորհրդային տարիներին կամ 90-ականներին մարդիկ ինչպիսի մենտալիտետ ունեին, իրար ինչ էին նվիրում: Նրա ձեւակերպմամբ, դրանից բազմաթիվ հետեւություններ կարելի է անել այդ ժամանակաշրջանում մարդկանց կենցաղային մշակույթի եւ հոգեբանության վերաբերյալ:

Պարզեցինք, որ հուշանվերների թանգարանի գաղափարը պատահաբար է ծնվել Գոհարի գլխում, երբ իրենց տան հուշանվերների վրայի փոշիներն է մաքրելիս եղել: «Հասկացա, որ շատ իրեր ունենք, որ չենք ուզենա նետել, բայց նաեւ հարմար չէ տանը պահել: Մտածեցինք՝ թող մի տեղ լինի, այդ հուշանվերները ցուցադրվեն, «խոսեն» իրենց ժամանակի մասին: Հուշանվերների թանգարանը եւս մեկ էլեմենտ է դառնալու արվեստանոց-թեյարանի համար, իսկ հետագայում, երբ հավաքածուն մեծանա, թանգարանը գուցե առանձին տարածք ունենա: Թանգարանի հարցով ցանկանում ենք նույնիսկ մշակույթի նախարարի հետ հանդիպել»,- ասաց մեր զրուցակիցը: Գոհար Մնացականյանը վստահ է, որ արվեստանոց-թեյարանը յուրատեսակ հարթակ կլինի զբոսաշրջիկների եւ տեղացի ստեղծագործող երիտասարդների փոխհարաբերվելու, նաեւ մշակութային ժամանց անցկացնելու համար: «Երբ դու ավարտում ես արվեստի բուհ ու վերադառնում քո փոքր քաղաքը, լավագույն դեպքում կարող ես ուսուցիչ աշխատել, ինչը քեզ լճացման է տանելու: Դա հավասարազոր է «մեռնելու»…Մենք ուզում ենք մի տարածք ունենալ, որտեղ երիտասարդը ամիսը գոնե մեկ միջոցառում կկազմակերպի՝ ցուցահանդես, համերգ եւ այլն, իր հմտություններով կկարողանա մի փոքր գումար վաստակել: Արվեստանոց- թեյարանում զբոսաշրջիկները հետաքրքիր միջոցառումների կմասնակցեն, կշփվեն տարածաշրջանի երիտասարդների հետ, այդ վայրը նաեւ միջմշակութային փոխհարաբերությունների հարթակ կլինի»,- հայտնեց «Սեւան երիտասարդական ակումբ» հ/կ-ի նախագահը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ 2015-ից անցկացվող «Սեւան» երաժշտական փառատոնին, որի նպատակն է երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր շրջանների երիտասարդներին, նրանց բեմ տրամադրել եւ հնարավորություն՝ ելույթ ունենալու արդեն կայացած երաժիշտների կողքին` ստեղծելով նոր ծանոթություններ՝ Սեւանա լճի հարեւանությամբ: Փառատոնի նպատակն է մշակույթի լեզվով լուծել 3 կարեւոր խնդիր` հոգեբանական, տնտեսական եւ բնապահպանական ենթատեքստերով: Գոհար Մնացականյանն ասում է, որ արդեն համահայկական բնույթ ստացած փառատոնի ուղերձը տարվա մեջ գոնե մեկ անգամ Սեւանին շնորհակալություն հայտնելն է: Երիտասարդները նպատակ ունեն հետագայում փառատոնը թերակղզուց քաղաք տեղափոխել: Իմիջիայլոց, արվեստանոց- թեյարանի եկամուտը եւս ուղղվելու է երաժշտական փառատոնի կայացմանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գոհար Մնացականյանը:

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031