Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ախուրյանում Լևոն Ալթունյանին դիմավորել են բարի լուրով

Մարտ 03,2017 23:21

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցը սկսվեց բարի լուրով։ Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի տնօրեն Սևակ Ավագյանը նախարարին և նրան ուղեկցող Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին տեղեկացրեց, որ երեկ գիշեր կենտրոնի զանգը ղողանջել է 3, իսկ նախորդ գիշեր 7 անգամ՝ ավետելով նույնքան երեխաների լույս աշխարհ գալու մասին։

ՀՕՄ­ի կողմից ստեղծված այս բուժհաստատությունն արդեն 20 տարի է, ինչ իրականացնում է Ախուրյանի նախկին վարչատարածքի 7 գյուղերի մանկական ազգաբնակչության, ինչպես նաև կանանց ու հղիների գինեկոլոգիական բուժօգնությունը։ Բնակչության վստահության մասին է խոսում այն հանգամանքը, որ   2005թ. ծավալված մանակաբարձագինեկոլոգիական ստացիոնար բաժանմունքում արձանագրվող ծնունդներն ամենաշատն են մարզի ծննդօգնության այլ հիմնարկությունների համեմատ։

Լևոն Ալթունյանը շրջեց կենտրոնում, ծանոթացավ իրականացվող ծառայություններին, ցուցանիշներին, ինչպես նաև հիվանդների առողջական վիճակով։ Այստեղ իրականացվում են ոչ միայն ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիական և այլ հետազոտություններ, այլև մամոգրաֆիական, որն, ի դեպ,  մարզում եզակի է։

Լևոն Ալթունյանը կենտրոնի բուժանձնակազմի հետ քննարկեց ինչպես առկա խնդիրների լուծման հնարավորությունները, այնպես էլ՝ հետագա զարգացման հեռանկարային ծրագրերը։

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելեց  Ախուրյանի բժշկական կենտրոն, որի պոլիկլինիկան սպասարկում է շրջակա գյուղերի 39 հազար բնակչությանը։ Չնայած շենքային սուղ պայմաններին, 15 մահճակալով ստացիոնարում իրականացվում են ընդհանուր պրոֆիլի վիրահատություններ։

Կենտրոնի ղեկավարությունը նախարարին խնդրեց  շտապօգնության ծառայությանը հատկացնել մեկ մեքենա, քանի որ շրջակա 35 գյուղի սպասարկումը՝ այն էլ միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհներով և հատկապես ձմռան ամիսներին, խիստ դժվար է ունեցած հնամաշ միակ մեքենայով։ Նախարար Ալթունյանը խոստացավ կենտրոնին հատկացնել շտապօգնության նոր մեքենա։

Մարզ կատարած այցի առաջին կանգառից ստացած տպավորությունները կիսելով լրագրողների հետ՝ Լևոն Ալթունյանն ասաց. «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնից ստացած տպավորությունը միանշանակ դրական է։ Ուրախալի է, որ մահճակալների 87 տոկոս հագեցվածության պայմանում չկան բարդություններ և դժգոհություններ։ Դա խոսում է բժշկական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ կառավարման մասին։ Ինչ վերաբերում է Ախուրյանի բժշկական կենտրոնին, ապա ակնհայտ է, որ շենքային պայմանների և այլ բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Անցած տարվա նոյեմբերից նախարարությունում ստեղծված համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրություններ է կատարում ոլորտի ճարտարապետության համակարգային  փոփոխություններ կատարելու նպատակով»։

Ուշագրավ է, որ Ախուրյանի երկու բժշկական հաստատություններում էլ ակտիվորեն ինտեգրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգին։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031