Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ու ամբաստանյալներից մեկի միջեւ լեզվակռիվ տեղի ունեցավ: Միջադեպը սկսեց ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպանի միջնորդություն ներկայացնելու ժամանակ, երբ դատախազն առարկեց այդ միջնորդությանը: Դատախազի առարկությանն ի պատասխան՝ Կոսյանը ռեպլիկ արեց, թե երկարացնում եք, որ էլի նստենք:
Ամբաստանյալի ռեպլիկը բարկացրեց տիկին Մեյթիխանյանին: «Փտելու եք»,-արձագանքեց Փառանձեմ Մեյթիխանյանը, ինչից հետո լեզվակռիվը նրա ու ամբաստանյալի միջեւ շարունակվեց:
Հիշեցնենք, որ այսօր շարունակվում էր հայտնի լեզվաբանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործի դատաքննությունը:
Այս գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալի ու տիկին Մեյթիխանյանի միջեւ միջադեպը միակը չէր, ամբաստանյալների հարազատները բոյկոտեցին ընթացող դատական նիստը, դուրս եկան նիստերի դահլիճից՝ նախագահող դատավորի որոշման պատճառով: Դատարանը որոշեց սահմանափակել նիստերի տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, որ տեսախցիկների լույսերը խանգարում են իրեն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ