Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Սուրեն Մարտիրոսյանը և հայտնել, որ տասն օր շարունակ գյուղի 4-րդ փողոցի բնակիչները զրկված են խմելու ջրից: Խնդրին լուծում տալու նպատակով բնակիչները դիմել են իրավասու մարմիններին, զանգահարել Կառավարության թեժ գծին, սակայն արդյունքը եղել է «Վիոլա ջուր» ընկերության հավաստիացումը միայն, թե խնդիրը կլուծվի, սակայն ընկերությունն այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել դրա ուղղությամբ:
Քաղաքացու ահազանգի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրինությանը՝ խնդրին հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում տալու հարցով: Ավելի ուշ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Կազմակերպության աշխատակցի կատարած հեռախոսազանգին ի պատասխան՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ –ից հայտնել են, որ նման հարցերով զբաղվում է «Վիոլա ջուր» ընկերությունը, որն էլ փորձել է տեղի ունեցածը բացատրել ահազանգողի հասցեի հետ կապված անճշտությամբ: Այնուամենայնիվ հնարավոր է դարձել կապ հաստատել ահազանգող բնակչի և «Վիոլա ջուր» ընկերության աշխատակցի միջև, ինչի արդյունքում Ընկերությունը խնդիրը վերացնելուն ուղղված աշխատանքներ է սկսել: Երեկ արդեն տեղեկացանք, որ ջրամատակարարումը վերականգնվել է: Իսկ դադարեցման պատճառը հնարավոր չեղավ պարզել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ