Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Չպետք է թողնել, որ Ադրբեջանն այսքան «երես առնի», մեր տղերքին սպանի ու մեր տարածքները վերցնի». «Իրատես»

Մարտ 03,2017 11:45

Նախընտրական իրավիճակի թեժացմանը զուգահեռ՝ սահմանային լարվածությունը եւս մեծացել է։ Մոտենում է ապրիլը, և հասարակության մեջ տագնապ կա, որ հնարավոր է կրկնվեն նախորդ տարվա ռազմական գործողությունները։ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ «Իրատեսի» զրույցը սահմանային իրադրության մասին է։

– Հայաստանի զինված ուժերը մշտապես պաշտպանական ռազմավարություն են որդեգրում և չեն պատասխանում հակառակորդին։ Դիվերսիոն վերջին գործողության կասեցումը, կարծես, այլ մարտավարության մասին է վկայում։

– Ես չեմ հասկանում պաշտոնական այն մարտավարությունը, տակտիկան, որ չպետք է հարձակվել։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Սխալ է, որ հայկական կողմը պետք է միշտ պաշտպանվի։ Նրանք մեզ խփում են, մենք հայտարարում ենք, թե պահպանել ենք զինադադարը, պատասխան կրակ չենք բացել, կամ իրենք մեր զինվորներին սպանում են, մենք էլ թե՝ այսքան էլ մենք ենք հակառակորդի զինվորներից սպանել։ Այս ռազմավարությունը ես չեմ հասկանում։ Այնպես պիտի հակահարված տանք, որ մի քանի տարածք էլ վերցնենք, ջնջենք ու էլի իրենց ձեռքը տանք։ Ոչ թե սպասենք, որ մեզ խփեն, մեր տարածքները վերցնեն, մենք էլ ասենք, թե այդ տարածքները մեզ համար այդքան էլ էական չեն։

– Պաշտպանության գերատեսչության քաղաքականությունը պետք է փոխվի՞, անցնի հարձակողակա՞ն մարտավարության։

– Այո, նախարարությունը պետք է նոր փաստաթղթով առաջնորդվի, նոր մարտավարություն մշակի։ Ոչ թե մեր ջահել տղաներին կոտորեն, ու մեր գենոֆոնդն էլ կորցնենք։ Այն մարդիկ, ովքեր փորձ ունեն, պետք է պատրաստեն մեր մարտիկներին, ոչ թե ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորը նստեցին ավտոբուս, գնացին, ու նրանք էլ պայթեցրին։ Տեսանք, թե այդ օրերին քանի ազատամարտիկ է պատրաստ իր կյանքը հայրենիքին տալու։ Սրա փոխարեն պետք է պատրաստել սահմանում կանգնած զինվորին, պետությունն էլ «կանաչ» լույս վառի ու ասի՝ Ադրբեջանի վերջը տալ։ Չէ, մեզ պետք չէ Բաքու հասնել, ոչ էլ նրանց տարածքներն են պետք։ Պարզապես չպետք է թողնել, որ Ադրբեջանն այսքան «երես առնի», մեր տղերքին սպանի ու մեր տարածքները վերցնի։ Թե չէ նստած սպասում ենք՝ Ադրբեջանն ինչ պիտի անի, որ պատասխանենք։ Շախմատի նման մի քայլ իրենք անեն, մենք էլ՝ հաջորդը։

 

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031