Ծրագիրը ներկայացնում է ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքի մոտեցումներն առ այն, թե Հայաստանում իրատեսական ինչ քայլերով կարելի է ստեղծել պետության օրինակելի մի մոդել, որ ծառայում է իր քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության եւ երջանկության ձգտումներին:
Այդ մոդելի հիմքում պետք է ընկած լինեն հետեւյալ սկզբունքները.
- ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր:
Հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը եւ շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կնպաստի ներդրումների ներգրավմանը, տնտեսական վերելքին, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի շեշտակի աճին: Այս ամենը ոչ միայն կդադարեցնի արտագաղթը, այլեւ պայմաններ կստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգվածային վերադարձի համար:
Կարդացեք նաև
Խաղաղության ծրագրի իրականացումը, թեկուզ ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար:
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Հայաստանի այսօրվա պետական հաստատություններին բնորոշ է քաղաքացու եւ ձեռնարկատիրոջ նկատմամբ գիշատիչ վերաբերմունքը: Դրանք ծառայում են պետական իշխանությունը յուրացրած պաշտոնյաների նեղ շրջանակի շահերին, իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ շրջանակի կողմից դիտարկվում է որպես անխնա կեղեքման ենթակա իրավազուրկ զանգված: Ոտնահարվում են ազատության, սեփականության եւ իրավական պաշտպանվածության հիմնարար իրավունքները: Իշխանության կամայականությունները, խամաճիկ դատարանները, վաշխառուական կապիտալը ունեզրկում են քաղաքացուն եւ ձեռնարկատիրոջը:
Մեր նպատակն է փոխարինել գիշատիչ պետական հաստատությունները զարգացումը խթանող, քաղաքացու անվտանգությունը, սեփականությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանող պետական հաստատություններով:
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ
Աշխարհում հաջողության են հասնում այն պետությունները, որոնք սպասարկում են ոչ թե իշխանավորների նեղ շրջանակի, այլ պետության բոլոր քաղաքացիների շահերը: Պետության մեջ չպետք է լինի բարձրագույն պետական ղեկավարների մերձավորների եւ օրենքից վեր կանգնած արտոնյալների վերնախավ, որը տիրապետում է երկրի ողջ հարստությանը եւ օտարում մնացած բոլորին երկրի կառավարումից եւ ռեսուրսների բաշխումից: Ոչ ոք չպետք է ունենա մենաշնորհ ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության, ո՛չ էլ որեւէ այլ բնագավառում: Կարճ ասած, պետությունը պետք է ունենա ո’չ թե օտարող, վանող, այլ ներառող, ընդգրկող բնույթ՝ ստեղծելով պաշտպանվածության միջավայր, հավասար պայմաններ եւ հնարավորություններ բոլոր գաղափարական ուղղությունների, քաղաքական ուժերի, հասարակական հոսանքների, սոցիալական խմբերի, տնտեսվարող սուբյեկտների եւ անհատների համար:
- ՇՆՈՐՀԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բռնի ուժի, ընտրակեղծարարության, խաբեության, անգրագիտության եւ անբարոյականության վրա հիմնված ներկա ավազակապետական համակարգի փոխարեն, պետք է կառուցվի նոր՝ շնորհապետական (մերիտոկրատիկ) հասարակարգ: Դա այն համակարգն է, որում մարդիկ գնահատվում են ըստ շնորհի, արժանիքի, վաստակի: Պետությունը պետք է ղեկավարվի կրթված, խելացի եւ պարկեշտ, անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձառություն ունեցող անձանց կողմից: Պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները: Պետական կառավարման հիմքում պետք է դնել մաքուր ընտրությունները, մրցակցային հավասարությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Պետական պաշտոնյաների պաշտոնեական առաջխաղացման բոլոր փուլերում պետք է գործի ազնիվ մրցույթների եւ որակավորման քննությունների համակարգ՝ սկսած դպրոցներից եւ ԲՈւՀ-երից։
ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Վերոհիշյալ նպատակների եւ սկզբունքների իրագործման համար ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքն առաջարկում է կոնկրետ քայլերի հետեւյալ Ծրագիրը՝ ըստ համապատասխան բնագավառների:
Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն
Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։
Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։
Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ նախագծերին։
Ազնիվ եւ արդյունավետ կառավարում եւ տնտեսական զարգացման խթանում
Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:
Ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։ Սահամանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով:
Հարկային եւ մաքսային քաղաքականության հիմքում դնել ներդրումների գրավչության բարձրացման, գործարարության խրախուսման եւ հարկային բազայի ընդլայնման գաղափարախոսությունը: Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը սահմանել 15 տոկոս: Վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանում:
Ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա։ Ինվոյսի կեղծ լինելու ապացույցը բացառապես պետության բեռն է:
Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։
Գազի ու էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության եւ կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով:
Վարել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:
Առնվազն երկու անգամ նվազեցնել երթեւեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները։
Ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար կիրառել վարկային համաներում, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքները, գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում:
Ուսումնասիրել 2006-2012 թվականներին Նաիրիտ գործարանի բաժնեմասերի վաճառքի գործարքների օրինականությունը, վերականգնել դրանց արդյունքում գործարանին և պետությանը հասցված վնասը, պատասխանատվության ենթարկել յուրացումների և չարաշահումների համար պատասխանատուներին: Մշակել Նաիրիտի վերագործարկման նոր ծրագիր:
Առողջապահություն եւ Սոցիալական Արդարություն
Մեկ տարվա մեջ միջին կենսաթոշակը բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի (55000 դրամ): 3 տարվա մեջ նվազագույն թոշակը բարձրացնել սպառողական զամբյուղի մակարդակի: 5 տարվա մեջ կենսաթոշակների միջին չափը հասցնել միջին աշխատավարձի 40 տոկոսին:
Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ առնվազն 3 տոկոսի։ Ներդնել պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ:
Պետական աջակցությամբ ստեղծել ապահովագրական համակարգ, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից, կարկտահարությունից եւ այլ բնական աղետներից։
Զգալիորեն բարձրացնել պայմանագրային զինծառայողների, սպաների եւ ենթասպաների աշխատավարձը։ «15 օր ծառայություն, 15 օր հանգիստ» գործող կարգի փոխարեն կիրառել «7 օր ծառայություն, 7 օր հանգիստ» կարգը:
ԽՍՀՄ խնայբանկի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմս և դրանք մարել 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ, քան նախատեսված է գործող օրենսդրությամբ։
Վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:
Դաշինքի ծրագրերին ավելի մանրամասները` այստեղ: