Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասին տարել են բաժին եւ սպառնացել, որ կդարձնեն «ինվալիդ». (Ֆոտոշարք)

Մարտ 02,2017 22:11

Ազատության հրապարակում փետրվարի 27-ից մի խումբ երիտասարդներ ի պաշտպանություն «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի՝ նստացույց են հայտարարել՝ պահանջելով փոխել նրա խափանման միջոցը:

Նստացույցի մասնակից Շահեն Հարությունյանը հայտարարեց, թե ինչն է պատճառը, որ Ազատության հրապարակ այս օրերին քիչ մարդ է միանում իրենց. «Ով մտնում է այստեղ, երեւի 1, կամ 2 ժամ հետո լուր է ստանում, որ ոստիկանությունը գնացել է իրենց տուն եւ կապ չունի՝ չափահաս, թե անչափահաս»:

Մի քանի օրինակ թվարկելով՝ ասաց, որ անչափահասին տարել են բաժին եւ սպառնացել են, որ կդարձնեն «ինվալիդ», կամ այն ուսանողները, որոնք մասնակցում են ոստիկանները գնում են համալսարաններ, մեքենաներով հետապնդում են. «Գյումրեցի մի աղջիկ ունենք մասնակից, որի ծնողները ապրում են Լեհաստանում:

Բերման են ենթարկում այդ աղջկա հորեղբորը, հետո բաց են թողնում, զանգում են Լեհաստան՝ ասում, որ ձեր աղջկան հեռու պահեք: Ծնողները պատասխանում են, որ մեր աղջիկը չափահաս է եւ ինքն է որոշում իր անելիքը, մենք էլ առանձնապես դեմ չենք: Այնուհետեւ բերման են ենթարկում այդ աղջկա հորեղբոր որդուն եւ ասում՝ մինչեւ աղջիկը չգա ու չգրի այնպես ինչպես մենք ենք ուզում, որ իրեն զոռով են տարել եւ այսուհետ չի գնա մասնակցի՝ բաց չենք թողնելու»:

Շահեն Հարությունյանը ասաց, որ այդ աղջիկը գնացել է եւ դեռ նորություն չունեն: Նա, պատմելով մեկ այլ դեպքի մասին, ասաց, որ Ապարանից մեկ այլ մասնակցի հորն են տեղի ոստիկանները բերման ենթարկել եւ հայրը չստորագրելով ոստիկանների կողմից տրամադրած թուղթը՝ զանգել են եւ սպառնացել են որ մորը, որը աշխատում է հիվանդանոցում՝ կհեռացնեն աշխատանքից: Բացի այդ դեպքերը Շահեն Հարությունյանը նշեց, որ գիշերը պարբերաբար ոստիկանները գալիս եւ փորձում են ինչ-որ անչափահասներ փնտրել, տվյալներ են վերցրել:

Անցած գիշերը Ազատության հրապարակում մնացել են մոտ 33 հոգի. «Մենք արդեն 3 օր է Ազատության հրապարակում ենք, մարդկանց տեղեկացնում ենք ինչ է կատարվում, ինչի համար ենք այստեղ, «Հաց բերողի» մասին ենք պատմում: Այստեղ գտնվելով, մրսելով, մեզ նեղություն տալով, պետք է գաղափարը տարածենք ու մարդկանց ոտքի կանգնացնենք, բայց չգիտեմ ինչի չի լինում», ասաց Շահեն Հարությունյանը՝ ավելացնելով, որ շաբաթ օրը, ժամը 17:00-ին դարձյալ երթ կկազմակերպեն:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031