2017 թվականի մարտի 3-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել է նաև Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը:
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա ամփոփված խնդիրները և դրանց լուծման ուղղությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է զինվորական հաշվառման գործընթացում իրավական կարգավորման, զորակոչի ընթացքում զինապարտների իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիրներին և նախազորակոչային, զորակոչային տարիքի հասած զինապարտ քաղաքացիների հոգեբանական պատրաստության հետ կապված հարցերին:
Խորհրդի անդամների կողմից առաջարկություններ են ներկայացվել զորակոչիկներին տրվող ծանուցագրերի ձևի, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության թափանցիկության, հանրակրթական դպրոցներում նախազորակոչիկների հոգեբանական պատրաստության, զինապարտ քաղաքացիների անձնական գործերի, զինապարտի կցագրման վկայականի և զինվորական գրքույկի ձևերի ու դրանք լրացնելու կարգի մասին:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ այլ հարցեր:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ