ՕՐՕ դաշինքն իր 148 հոգանոց նախընտրական ցուցակում առաջադրել է 68 գործազուրկների: Գործազուրկների թվում է, իհարկե, դաշինքի առաջատարը՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ցուցակում են «Համախմբում» կուսակցության պատգամավորները, նրանց օգնականները, նաեւ հաշվի առնելով, որ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ԱԺ հանձնաժողովների նախագահներ են, հանձնաժողովների օգնականներն են ընդգրկվել ցուցակում:
«Ժառանգության» անդամներից բացի, պատգամավորի թեկնածու է «7 or» կայքի սրբագրիչը, որը նաեւ Թեւանյան ՍՊԸ-ից է, մի պոլիկլինիկայի մանկաբույժ, Գյումրու ԲԿ-ի հոգեբանը, փականագործ, շախմատի ուսուցիչ, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, հուշարձանների պահապան եւ այլն:
Ցուցակի 42-րդ հորիզոնականում է տեղակայվել «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, ավելի հետին տեղերում է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը, որը «Համախմբման» անդամ է:
Կարդացեք նաև
Իսկ ցուցակը եզրափակում է Արաբոյի Մանվելը՝ Մանվել Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակին, թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ- Զեյթուն համայնքները, ՕՐՕ-ն առաջադրել է «Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Հայկ Խաչատրյանին եւ 8 գործազուրկների:
Թիվ 2-ում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում ամենահայտնի թեկնածուն «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է, նրա հետ առաջադրվել են նաեւ «Ժառանգություն» խմբակցության փորձագետը, կուսակցության վարչության քարտուղարը եւ «Համախմբման» պատգամավորների օգնականները:
Թիվ 3 ընտրատարածքում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթում՝ որտեղ ՀՀԿ-ն առաջադրել է պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Կորյուն Նահապետյանին, ՕՐՕ դաշինքը առաջադրել է հանրությանը ոչ այնքան ծանոթ մարդկանց՝ թիվ 19 պոլիկլինիկայի մանկաբույժին, 4 գործազուրկների, «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի փորձագետի:
Թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշենում՝ ՕՐՕ-ն առաջադրել է 13 թեկնածուի, այդ թվում՝ Արաբոյի Մանվելին, Անդրիաս Ղուկասյանին, «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանին:
Թիվ 5 ընտրատարածքում՝ Արարատի մարզում ռեյտինգայինով մրցելու է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ «Համախմբման» 4 անդամներ:
Թիվ 6 ընտրատարածքում՝ Արմավիրում, որտեղ անգամ ՀՀԿ-ականների մեջ թեժ պայքար է սպասվում, ՕՐՕ-ից առաջադրվել է մի ֆերմեր, մի մենեջեր, ատոմակայանի փականագործը, 6 գործազուրկ, Արմավիրի մարզադպրոցի փոխտնօրենը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ