Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները կարևոր են նաև մեր երկրի համար, թերևս, հասկանալի պատճառներով: Այս թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ՝ անդրադառնալով առաջիկայում Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին, հուլիսյան հեղաշրջման փորձի մեղադրյալների դատավարությանը, Թուրքիա-Սիրիա հարաբերություններին, ինչպես նաև Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածած հայտարարությանը, որտեղ Թուրքիան դատապարտել էր իբրև թե հայկական կողմից իրականացրած դիվերսիան և կոչ արել Հայաստանին պահպանել հրադադարի ռեժիմը:
-Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, որի նպատակն է Թուրքիան դարձնել նախագահական համակարգով կառավարվող երկիր, ի՞նչ կտա այս փոփոխությունը Թուրքիային և ո՞րն է սրա նպատակը:
-Նախագահական համակարգին անցնելու Էրդողանի ջանքերը բավականին լուրջ են, և կարելի է ասել, որ նա նման կերպ փորձում է ինքնուրույն ստանձնել երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կառավարումը: Միևնույն ժամանակ` հարկ է նշել, որ մահմեդական երկրներում դեմոկրատական սկզբունքները դեռևս լիովին ընկալելի չեն: Այսինքն` մահմեդական երկրներում ժողովուրդը ավելի շատ հակված է մեկ առաջնորդի, և տվյալ պարագայում` կարող ենք ասել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված նախագահ է, և ինչպես ասում է ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Գյոկչեկը` Էրդողանի կողմից նախագահական համակարգի անցումը ստանում է նրա կողմից սուլթանական ղեկավարում: Սա հենց այնպիսի մի համակարգ է, որը Էրդողանին կտա բոլոր հնարավորությունները անսահմանափակ կերպով իշխանություն բանեցնել երկրում:
Կարդացեք նաև
-Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Վենետիկի հանձնաժողովը Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր զեկույցում նախագահական համակարգին անցումը որակել է որպես «վտանգավոր հետքայլ Թուրքիայի սահմանադրական ժողովրդավարության տեսանկյունից»՝ կարծես կոչ անելով Թուրքիան հետ կանգնել այդ քայլից: Ըստ Ձեզ, Թուրքիան հաշվի կառնի՞ ԵԽ-ի կարծիքը:
-Չնայած նրան, որ Թուրքիան գերտերություն չէ, այն միևնույն է մեծ երկիր է. հետևաբար կարող ենք ասել, որ նման կառույցների որոշումներն ու կոչերը նրա համար առաջին պլանում չեն:
– Թուրքիայում դեռ ընթանում են Հուլիսյան հեղաշրջման փորձի դատավարությունները: Ինչպիսի՞ ավարտ կունենան դրանք, Ձեր կարծիքով:
-Թուրքիայում մինչ այժմ շարունակվում է գյուլենականների դեմ պայքարը: Թուրքական մամուլի տվյալներով՝ արդեն 4000-ից ավելի գրասենյակ ու հաստատություն է փակվել, որ պատկանում էր գյուլենականներին: Միաժամանակ՝ գյուլենականները էրդողանյան իշխանությունների կողմից ընկալվում են որպես ծայրահեղ արևմտամետներ, որոնք ձեռնտու չեն Էրդողանին. նա էլ փորձում է ավելի անկախ քաղաքականություն վայելել արևմուտքից, չնայած որ Սիրիայում և մյուս ռազմաբեմերում Թուրքիան սպասարկում է ՆԱՏՕ-ին: Այժմ բազմաթիվ զինվորականներ փախել են Թուրքիայից և ապաստան գտել տարբեր երկրներում, մասնավորապես Հունաստանում, որն էլ հենց լարել է թուրք-հունական հարաբերությունները, քանի որ այդ երկիրը հրաժարվում է հանձնել թուրք զինվորականներին՝ համարելով, որ նրանք կարող են Թուրքիայում արդար չդատվել:
Մյուս երկիրը, որ ապաստան է տվել թուրք զինվորներին, Գերմանիան է, և մինչ այժմ չեն վերացել Անգելա Մերկելի և Էրդողանի հակասությունները, քանի որ Թուրքիան ցանկանում է ամբողջապես ստանալ զինվորականներին, մինչդեռ գերմանացիները այդ հարցով փորձում են նախապայմաններով խոսել: Դե, Թուրքիան այնպիսի երկիր է, որ իշխանությունների իշխելու համակարգը բավականին ընդլայնված ու խիստ է, հետևաբար չի կարելի ասել, որ այդ մարդկանց օբյեկտիվ կդատեն Թուրքիայում: Հենց այն փաստը, որ նրանք գյուլենականներ և հակաիշխանականներ են, արդեն իսկ խոսում է այն մասին, որ շատ քիչ է հնարավորություն, որ նրանք արդար կերպով կդատվեն թուրքական դատարանների կողմից:
-Ի՞նչ մակարդակում է Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
-Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը օդում է կախված, որովհետև նա ԱՄՆ-ի համար շատ կարևոր մարդ է:
– Տվե´ք ձեր գնահատականը Թուրքիա- Սիրիա զարգացումների հետ կապված : Թուրքական ԶՈՒ-ն ի՞նչ օպերացիաների է մասնակցում և ի՞նչ նպատակ է այն հետապնդում Սիրիայում:
-Ինչպես արդեն ասացի Սիրիայում թուրքական կողմը ծառայում է ՆԱՏՕ-ի շահերին ու ներկայացնում արևմուտքի շահերը: Կարող ենք ասել, որ թուրքական կողմը զսպում է Սիրիայի քրդերին և քրդական բանվորական կուսակցության միջև առկա կապը: «Եփրատի վահան» կոչվող ռազմական գործողությունը մեծամասամբ միտված է դրան, սակայն այդ ամենը շատ դեպքերում չի համաձայնեցվում արևելյան բլոկի՝ գլխավորապես ռուսական կողմի հետ, ինչը հանգեցնում է ռուսական կողմի խիտ և արժանի հակահարվածին:
Թուրքական ուժերը փորձում են հսկողության տակ պահել Սիրիայի հյուսիսը, որպեսզի հանկարծ նրանով քրդական բանվորական կուսակցությունը աջակցություն չստանա, իսկ Սիրիայի քրդերը բոլորովին Թուրքիայի կողմից չեն, քանի որ, երբ ամեն կերպ ընդդիմադիր ուժերը փորձում էին հեղափոխություն կատարել Սիրիայում, քրդական ուժերը, մասնավորապես` Ռոժավա կոչվող բնակավայրի բոլոր քրդերը անցել են Ասադի կողմը: Ռուսական կողմն անգամ նշել էր, որ Սիրիայի քրդերը պետք է մասնակցեն ժնևյան բանակցություններին, ինչն էլ նշանակում է, որ նրանք միանշանակ արևելյան երկրների՝ հատկապես Ռուսաստանի և Իրանի կողմնակից են, և այս հարցը չի կարող չանհանգստացնել թուրքական ղեկավարությանը:
– Կարո՞ղ ենք ասել, որ հենց սրանով էր պայմանավորված քրդամետ կուսակցությունների լիդերների կրկին ձերբակալելը:
– Դա պայմանավորված է նրանով, որ Էրդողանը չի վստահում այն քրդերին, որոնք ներկայումս ներկայացնում են ժողովրդադեմոկրատական կուսակցությունը Թուրքիայում և, ավելի շատ վախի առկայությունը, քան փաստերն են ստիպում, որ Էրդողանը նրանց ձերբակալի: Կարելի է կանխատեսել, որ այս ձերբակալությունները հետագայում ևս կրելու են շարունակական բնույթ:
– Փետրվարի 24-ի լույս 25 գիշերը Արցախ-Ադրբեջան շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ դատապարտել էր իբրև թե հայկական կողմից իրականացրած դիվերսիան և կոչ էր արել հայկական կողմին պահպանել հրադադարի ռեժիմը: Սա ի՞նչ զարգացում կարող է ունենալ և ի՞նչ է այն հետապնդում:
-Այս հայտարարությամբ թուրքական կողմը հաճոյանում է ալիևյան կլանին, քանի որ այն բավականին ջերմ և բարեկամական հարաբերություններ ունի Էրդողանի իշխանության հետ: Բացի դրանից` այստեղ տեսնում ենք, որ թուրքական կողմը ներկայումս որևէ կերպ միտված չէ ինչպես հայ-թուրքական հարաբերությունները բարելավելուն, այնպես էլ հայ-թուրքական սահմանը բացելուն: Այսպես Թուրքիան միտում ունի ուղղակի ամեն անգամ աջակցություն ցույց տալու Ադրբեջանի ռազմամոլ նկրտումներին:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ