ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակը, ինչպես հայտնի է, 121 անձից է կազմված: Ցուցակում բավականին մեծ թիվ են կազմում դասախոսներն ու մանկավարժները: Առաջին տասնյակում է ԵՊՀ-ի արաբագիտության ամբիոնի դասախոս Արայիկ Հարությունյանը, որը ռեյտինգայինով առաջադրվել է նաեւ թիվ 3 ընտրատարածքում:
Համամասնական ցուցակի 12-րդ տեղում է ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը: Կան նաեւ մասնավոր բուհերի դասախոսներ, Վանաձորի պետհամալսարանի դոցենտ Գեւորգ Շահվերդյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի եւ Թումո կենտրոնի աշխատակիցներ:
Դաշինքի ցուցակում մեծ թիվ են կազմում նաեւ գործազուրկները, 121-ից 39-ը գործազուրկ են, 4-ը՝ թոշակառու:
Դաշինքն իր ցուցակում առաջադրել է նաեւ շատ ատամնաբույժների եւ փաստաբանների: Կուսակցության ցուցակում է նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայության թիկնապահը՝ Սարգիս Լեւոնյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակներին, ԵԼՔ-ը, օրինակ, թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքները, ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուներ Սամվել Ալեքսանյանի, Կորյուն Նահապետյանի, առաջադրել է 3 գործազուրկի, Թումո կենտրոնի դասընթացավարին՝ Համբարձում Համբարձումյանին, ԵՊՀ-ի դասախոսի, Սոֆթ Կոնստրակտ ընկերության թարգմանիչ խմբագրին:
Կենտրոնում ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի եւ նրա եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի դեմ հիմնական թեկնածուները Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն են:
5-րդ ընտրատարածքում՝ Արարատի մարզում, ԵԼՔ-ն առաջադրել է 6 գործազուրկ մարդկանց, Երասխ գինու գործարանի տնօրենին եւ Նոր կյանքի գյուղապետին:
Թիվ 6 ընտրատարածքում՝ Արմավիրում՝ ընդդեմ ՀՀԿ-ական գեներալների՝ Շմայսի, Սեյրան Սարոյանի, Նովոյի՝ Նահապետ Գեւորգյանի, ԵԼՔ-ը առաջադրել է 3 գործազուրկի, անհատ ձեռնարկատեր Արման Ղուկասյանին, Արմավիրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու, Ֆինքա վարկային կազմակերպության մասնագետի եւ մի հաշվապահի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ