«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը չի բացառում, որ ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կարող է և չստորագրվել:
«Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկմանը պարոն Եղիազարյանը նշեց, թե ինչու է գործընթացը թողնվել ընտրություններից հետո և թե դա ինչ կապ ունի այս օրերին սահմանային լարվածության հետ. «ԵՄ-ն պատրաստ էր հենց հիմա ստորագրել փաստաթուղթը: Սակայն կային խոչընդոտներ: Այս օրերի ռազմական սրումը չի կարող կապ չունենալ նրա հետ, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ստորագրում է պայմանագիր: Ռուսաստանը դեմ է դրան և չի կարող դա հանդուրժել»:
Անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների և ԵՄ-ՀՀ ստորագրվելիք փաստաթղթի կապին՝ պարոն Եղիազարյանն ասաց. «Փաստաթղթի ստորագրումը կախված է նաև այն հանգամանքից, թե ինչ քաղաքական դասի խորհրդարան կձևավորվի»:
Պարոն Եղիազարյանը նկատեց, թե ստորագրվելիք փաստաթուղթը շատ մոտ է ասոցացման համաձայնագրի բովանդակությանը. «Այս փաստաթուղթը առաջ է նախկինում եղած փաստաթղթերից, սա հնարավորություն կտա Հայաստանին ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինչպես նաև անվտանգությունը և ամենակարևորը ոլորտային համագործակցությունն է»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, ՀՀ-ԵՄ ստորագրվելիք պայմանագիրն ընտրությունների հետ կապելու առիթով ռեպլիկի կարգով նշեց. «Ինձ մոտ ժպիտ առաջացավ, երբ պատկերացրի, որ Արարատում՝ երկու իրար ծեծող հանրապետականներ ոնց են ժողովրդին ասում՝ ինձ ընտրեք, քանի որ մենք ունենք շրջանակային պայմանագիր»:
Պարոն Իգիթյանն այնքան էլ լավատես չէ նոր ստորագրվելիք պայմանագրի հարցում. «Ի տարբերություն նախորդ ասոցացման պայմանագրի՝ այս համաձայնագրում գրեթե ամբողջությամբ հանվել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին դրույթները, մենք հիմա ստեղծում ենք գործընկերության համաձայնագիր: ԵՄ-ն ասում է, որ Հայաստանը մեր գործընկերն է, բայց գործընկեր է նաև աշխարհի ցանկացած միավոր»:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը դրական միտումներ է տեսնում. «Այս դրական գործընթացը կարող է նպաստել մեկ այլ գործընթացի՝ վիզայի ազատականացման ռեժիմի անցումին, և եթե ստորագրվի այս համաձայնագիրը, մինչև նոյեմբեր մենք մեծ առաջընթաց կունենանք այս ուղղությամբ»:
Սակայն պարոն Մինասյանը չի բացառում ֆորսմաժորային իրավիճակները՝ նշելով, որ թեև Հայաստանի և պաշտոնական Մոսկվայի միջև այս պահին ընթացող կոնսուլտացիաները դրական կարելի է գնահատել, սակայն պետք է ՀՀ-ն ու ԵՄ-ն չանցնեն կարմիր գծերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը «Մեդիա կենտրոն»-ի
Իսկ ի՞նչ է տալու ժողովրդի հիմնական զանգվածին վիզաների ազատականացումը…