ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գյումրիում մայր և որդի Հակոբյանների սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 37-ամյա կնոջը՝ տուժողներին դեպքի վայրում վտանգի մեջ թողնելու, հանցագործությունը պարտակելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս:
Դեպքի վայրի զննությամբ՝ Գյումրի քաղաքի 228/268 տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ 1936թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ վերջիններիս մահը հետևանք է նրանց նկատմամբ կիրառված բռնության:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գ.Խաչանյանը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. հունիսի 17-ին Գ.Խաչանյանն ընկերուհու՝ Ա.Ենոքյանի հետ հյուրընկալվել է Սարգիս և Սիրիկ Հակոբյաններին, միասին հաց են կերել և գործածել ոգելից խմիչք: Հյուրընկալման ժամանակ անձնական հարցերի շուրջ Ս.Հակոբյանի և Գ.Խաչանյանի միջև առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Գ.Խաչանյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016թ. հունիսի 24-ին Գ.Խաչանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում՝ Հակոբյանների սպանությունը պարտակելու և նրանց վտանգի մեջ թողնելու համար 2017թ. փետրվարի 25-ին Ա.Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին