Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղցկեղ հայտնաբերելու ու բուժելու համար ստիպված չենք լինի արտերկիր մեկնել (Տեսանյութ)

Մարտ 02,2017 17:30

Aravot.am-ն այսօր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հարցրեց` կանխատեսում կա՞, թե Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շահագործումից հետո որքան հիվանդ այլեւս չի մեկնի արտերկիր քաղցկեղային հիվանդություններն ախտորոշելու եւ բուժելու եւ որքան գումարներ օտար երկրների բյուջեներ լցվելու փոխարեն կմնան մեր երկրում:

Ի պատասխան նախարարն ասաց, որ նման վիճակագրություն չկա, հետեւաբար չեն կարող ասել, թե որքան հիվանդների հոսք կկանխվի կենտրոնի բացմամբ:

Մանրամասները` տեսանյութում

 

Այսօր Լեւոն Ալթունյանը շրջեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Դրանք արդեն ավարտական փուլում են եւ, ամենայն հավանականությամբ, մարտ-ապրիլ ամիսներին կենտրոնը կբացվի:

Կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը ցուցադրեց երկու գերժամանակակից սարքավորումները` PET եւ նոր սերնդի SPECT սարքերը, որոնք եզակի են Հայաստանում, իսկ ցիկլատրոնը` տարածաշրջանում: Դրանց միջոցով մեր քաղաքացիներին կկատարվի ավելի ճշգրիտ հետազոտություն, ինչպիսին, որ զարգացած երկրներում է:

Aravot.am-ի այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է այստեղ արտադրվող հատուկ իզոտոպներն արտահանել, որը մինչ այս չենք ունեցել եւ շատ երկրներ էլ չունեն եւ ներկրում են, պարոն Ռոստոմյանը պատասխանեց, որ հնարավոր է մոտակա երկրներ, եթե դրա փոխադրումը արագ կազմակերպվի:

Նախարարն էլ նկատեց` եթե չստացվի արտահանել հումքը, կարտահանենք ծառայությունը:

Թե որքան կարժենա այս ծառայությունը մեր քաղաքացիների համար, կենտրոնի տնօրենը դժվարացավ հստակ գնացուցակ ներկայացնել, ասելով, որ շահագործումից հետո պարզ կլինի, սակայն ասաց, որ 1200 դոլարից չի անցնի:

Արթուր Ռոստոմյանի տվյալներով, Վրաստանում այդ հետազոտությունն արժե 1200-1500 դոլար, Մոսկվայում` «մի փոքր ավել կամ պակաս», Հայաստանում ինքնարժեքը ցածր կլինի, քանի որ իզոտոպներն էլ տեղում են արտադրվելու:

Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի իզոտոպների բաժնի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ալբերտ Ավետիսյանը, որը նույնպես կենտրոնում էր, նախարարից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական կենտրոնի բացման ժամկետները, քանի որ, ըստ Ալբերտ Ավետիսյանի, մինչ այս էլ ոլորտի պատասխանատուները կենտրոնի բացման ժամկետներ են նշել, սակայն դրանցից ոչ մեկը չի իրականացել:

Լեւոն Ալթունյանն ի պատասխան ասաց, որ իր հնչեցրած ժամկետները մարտ-ապրիլն են, եւ ապրիլին մնացել է շատ քիչ ժամանակ, իսկ դրա համար մեծ երաշխիքներ պետք չեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031