Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպման է հրավիրել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին: Այս մասին Aravot.am-ին ասացին սեւազգեստ մայրերը, որոնք այսօր կառավարության շենքի մոտ նորից բողոքի ցույց էին անում:
Ծնողներից մեկի՝ Իրինա Ղազարյանի խոսքերով՝ «3 ամիս առաջ դիմում էինք գրել նախարարին հանդիպման համար, ոչ մի պատասխան: Հիմա շաբաթ օրը առավոտյան 5 ծնողներիս էլ հրավիրել է հանդիպման»:
Փետրվարի 9-ին կառավարության շենքի ետնամուտքի մոտ զոհված զինծառայողների ծնողները փորձել էին մոտենալ Վիգեն Սարգսյանին, սակայն ոստիկանները խոչընդոտել էին, բռնի ուժով փորձել հեռացնել նրանց, ծնողների պատմելով՝ ոստիկաններից մեկը թքել է նրանց վրա:
Այս միջադեպից հետո ծնողները աղմուկ են բարձրացրել, ինչից հետո կառավարության գլխավոր մուտքի մոտ նախարարի օգնականը հանդիպել էր նրանց հետ եւ խոստացել էր հանդիպում կազմակերպել:
Կարդացեք նաև
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այդ միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել, ծնողները դիմել էին ոստիկանություն:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք նշված գործով նրանց հրավիրե՞լ են ոստիկանություն, Իրինա Ղազարյանը պատասխանեց. «Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը խոստացել էր, որ տեսախցիկները պիտի բերեր, պարզ երեւում է՝ ոստիկանը թքե՞լ է, թե՝ թքելով է խոսում:
Եթե ընդհանուր տեսախցիկը նայեն՝ պարզ երեւում է՝ ոստիկանը շարքից դուրս է գալիս, թքում ինձ վրա, հետո հետ դառնում շարք: Բերեք էդ տեսախցիկը ու նայեք: Ես հայտարարում եմ՝ Երեւան քաղաքի վարչության պետը ստախոս է, իր խոստումը չկատարեց, տեսախցիկը չբերեց: Թող բերեր, միգուցե ե՞ս էի ստում, թող պարզեին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Սեւազգեստ մայրերից Նանա Մուրադյանն էլ անդրադառնալով ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմանն, ասաց, որ դատախազը հաստատել է, որ իր որդու մահվան առնչությամբ հարուցած քրեական գործից առանձնացրել է հակասությունները եւ ներկայացրել Արթուր Դավթյանին. «Իմ հանած հակասությունների մասին գլխավոր դատախազն ասաց, որ լիքը բացթողումներ կան քննիչի գործում: Ես էլ ասացի՝ բա էդ քննիչին ոչ մի բան չի՞ հասնում, պատիժ չի՞ հասնում: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նույնը հարցրեց՝ բա պատիժ չի՞ հասնում: Դատախազն ասել էր՝ իհարկե, հասնում է»:
Իրինա Ղազարյանի խոսքերով էլ՝ «Ամեն ինչ անում են, որ սպանված զինվորների գործերը չբացահայտվեն, որովհետեւ, եթե մեկը բացահայտվի՝ շղթա է բացվելու, քննիչից՝ դատախազ ու մինչեւ Բաղրամյան 26»:
Սեւազգեստ մայրերն ասացին, որ Արթուր Դավթյանը 5 ծնողներից միայն 3-ի հետ է հանդիպել դեռ անցյալ տարի, խոստացել էր, որ նաեւ մյուսների հետ էլ կհանդիպի, բայց մինչ օրս չի հանդիպել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ