Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում ՀՀԿ-ականը դանակահարել էր ԲՀԿ-ական 23-ամյա Աբրահամ Ադամյանին: ՀՀԿ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների հետեւանք եւ կենցաղային հողի վրա:
Մինչդեռ քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում Սայաթ-Նովա համայնքի ղեկավար, ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանն ասաց. «99 տոկոսով ընտրությունների հետ է կապված»:
Նա ասաց, որ շատ լավ ճանաչում է ե՛ւ դանակահարողին, ե՛ւ տուժողին, երկուսն էլ իրենց համայնքի բնակիչներ են: Հարցին՝ ի՞նչը իրար հետ չեն կիսել, ինչի՞ց է ծագել վեճը՝ նա պատասխանեց, որ մանրամասներն առայժմ չի պարզել. «Հլը էն երեխեն հիվանդանոցում պառկած է, ես ի՞նչ պարզեմ, ո՞նց հարցնեմ: Պառկած է, հլը չեմ խոսացել իր հետ»:
Նա ասաց, որ այցելել է հիվանդանոց՝ Աբրահամին, շուտով նորից գնալու է նրա մոտ:
Համայնքապետը վստահեցրեց, որ այս պահին համայնքում կրքերը հանդարտվել են. «Դեպքից հետո հանգստացել են: Հիմա հանգիստ է»:
Համայնքապետը հույս ունի, որ էլ լարվածություն չի լինի. «Դեմները կառնեն, էլի, երեւի: Պաշտոնյաները կասեն, որ էլ տենց դեպքեր չկրկնվի, ի՞նչ տարբերություն ում ենք ընտրում, ոնց ենք ընտրում, ոչ մեկին ոչ ստիպում են ընտրել, ոչ բան: Նույն հայը չե՞նք, քուր ջան, ում կուզեն ընտրեն՝ կուզեն «Բարգավաճ» կընտրի, կուզի՝ ՀՀԿ-ական, կուզի՝ Րաֆֆի, ում ուզեն՝ թող ընտրեն»:
ԲՀԿ-ական համայնքապետն ասաց, որ կոնկրետ իր վրա կուսակցությունը որեւէ պարտադրանք չի դրել ձայներ ապահովելու. «Ոչ մի հրահանգ ես չեմ ստացել, նման բան չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ