Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդան գետի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ

Մարտ 02,2017 15:09

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ կրկին ընդգրկվել էր Գետառ և Հրազդան գետերի սելավատարների և Ավանի վարչական տարածքում գտնվող Երևանի սելավընդունիչների հարցը: Ամփոփելով նախորդ նիստում գիտական հաստատությունների մասնագետների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր»  ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ կազմակերպված քննարկումների  արդյունքները` Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ խնդրի բազմակողմանի դիտարկման նպատակով անհրաժեշտություն էր առաջացել ծանոթանալ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դիրքորոշմանը:

Հարցի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մոտեցումները ներկայացրել են խորհրդի նիստին հրավիրված Հիդրոմետ ծառայության  հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը և Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Դաշյանը: Ա. Միսակյանը տեղեկացնելով, որ ձմռան ամիսներին որոշ հատվածներում գրանցվել են նորմայից մի քանի անգամ ավել տեղումներ, հայտնել է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում մի շարք գետերում, այդ թվում` Հրազդան գետի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է անել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ տվյալներ կլինեն մոտեցող տաք օդային հոսանքների ու դրանց ուղեկցող ինտենսիվ անձրևների մասին: Ա. Դաշյանը հայտնել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել և ներկայացրել է առաջարկներ հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ բնակավայրերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Բանախոսներն իրենց ելույթներում արձանագրել են հնարավոր հեղեղումների բարձր ռիսկը:

Նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով խնդրին հիմնարար և համակարգային լուծում տալը, միաժամանակ օրախնդիր է համարել ներկայում ստեղծված իրավիճակին և հնարավոր ռիսկերին օպերատիվ արձագանքելու ու կանխարգելիչ գործողությունների իրականացումը: Այս նպատակով հասարակական խորհուրդը որոշել է դիմել գործադիրին` միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու առաջարկով, որում պետական մարմիններից զատ կառաջարկվեն նաև ընդգրկել Երևանի քաղաքապետարանի մասնագետներին, ոլորտի գիտնականներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին /միջազգային փորձը ներկայացնելու նպատակով/: Խորհուրդը որոշել է դիմել նաև Երևանի քաղաքապետարանին և ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարությանը` իրականացնելու իրավիճակին համահունչ օպերատիվ միջոցառումներ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

«Շրջակա միջավայրի պահպանության իրավական կենտրոն» ՀԿ նախագահ Աիդա Իսկոյանը ներկայացրել է Էկոլոգիական օրենսդրության զարգացման առաջնահերթությունները: Բանախոսը թվարկել է էկոլոգիական օրենսդրության առանձնահատկությունները և հայտնել, որ կան բնապահպանական առանձին ոլորտներ, որոնք օրենսդրորեն կարգավորված չեն: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկել է մասնագետների հետ քննարկումների արդյունքում ներկայացնել անհրաժեշտ օրենքների ցանկը, ինչի ուղղությամբ հետագայում կծավալվեն հետևողական աշխատանքներ:

Օրակարգային երրորդ հարցի շրջանակներում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է գայլերի թվաքանակի կարգավորման այլընտրանքային գիտական մոտեցում, ինչը նվազագույնի կհասցնի որսալու միջոցի կիրառումը: Նախաձեռնությունը հավանության է արժանացել բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից: ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է մոտեցումը գրավոր ներկայացնել, որպեսզի կազմակերպվի մասնագիտական քննարկում` նրա արդյունավետությունը գնահատման և առկա իրավիճակում մեթոդի կիրառման նպատակահարմարությունը որոշելու համար:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031