Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիմնադրվել է «ԴԵՊՈՊ» կառավարման ինստիտուտը»՝ աջակցելու արդար եւ թափանցիկ ընտրական գործընթացներին: Մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Շահինյանն ասաց, որ նախագիծն իրականացնում են, քանի որ առկա է հիասթափություն եւ անվստահություն առկա իրավիճակից:
«Մինչեւ այսօր համագումարներ են գումարում, մարդիկ նստում են, ուղղակի ուզում են իրենց դահլիճը լցնել գյուղերից բերված անձնավորություններով: Մարդիկ նստում են, ուղղակի խոսում են, ծափահարություններ են հավաքում ու խնդիրը վերջանում է: Ժողովրդին հուզող հարցը անձամբ թեկնածուին տալու հնարավորությունը դեռ չկա: Այդ քաղաքական մշակույթը դժբախտաբար կուսակցությունների մեջ է սերմանված: Բոլոր համագումարներին, որ ես մասնակցել եմ, հարցրել եմ, արդյոք ուրիշ ընդդիմախոս մարդկանց հրավիրե՞լ եք, իրենց հնարավորություն տվե՞լ եք, որ ձեր ժողովրդի հետ նստեն եւ խոսեն, որ առանց հայհոյանքի նստեն եւ բացատրեն, թե ինչումն է իրենց տարբերությունը: Ոչ մեկը չի արել»,- ասաց նա:
«ԴԵՊՈՊ»-ի պատրաստած տեսահոլովակներից մեկի մասնակիցները պատմում են, թե ինչ կարող են անել 5 հազար դրամով: Aravot.am-ի նկատառմանը, թե արդյոք ուշացած չէ այդ տեսահոլովակը, քանի որ մամուլում արդեն այլ գումարների մասին են խոսում, որոնց գայթակղությունն ավելի մեծ է, Սարգիս Շահինյանը պատասխանեց, որ սկզբից ցանկանում էին հոլովակը նկարել լումայով. «Հենց որպեսզի մենք կարողանայինք մարդկանց հասկացողության բերել ոչ այդքան քանակության խնդիրը, այլ իմաստը: Կարծում եմ՝ այստեղ բոլորն իմաստը հասկացան, այդ գումարներին վերջ կա, այդ գումարները գալիս են ու գնում: Հենց «Ազատությունը» մի քանի օր առաջ հրապարակեց մի հոլովակ, որի շրջաններում հստակ հարց էր տրվել, թե դուք ում եք ընտրելու: Չգիտեմ՝ արդյոք հենց նման մարդկանց են փնտրել, թե դա բացարձակ իրականությունն է, բայց արձագանքը, որ դուրս եկավ, շատ ստվերային էր եւ շատ հստակ: Մարդիկ ուղղակի ասում էին՝ ես տալիս եմ իմ ձայնը նրան, ով ինձ ավելի շատ դրամ կառաջարկի:
Կարդացեք նաև
Կարո՞ղ ենք մենք այս տեսակ գաղափարախոսության առջեւ տարբերություն ստեղծել, կարո՞ղ ենք այդ մարդկանց հասկացնել, որ այդ իրենց ստանալիք դրամը այդ 2, 3, 4 մեշոկ ալյուրի համար վերանալու է, բայց մեր կյանքը չի սերմանել, գաղափարախոսությունը քանդվել է մի վարկ ավել: Մենք սխալ ենք արել, որ հասել ենք այսօրվան, իհարկե՛, մենք ասում ենք, 26 տարի ուշացել եք, բայց մենք միայն չենք ուշացել, ամբողջ հայությունն է ուշացել: 13 կառավարություններ են ուշացել, ժողովուրդն է, որ ուշացել է: Այո՛, իհարկե, կարծում եմ, որ ուշ է, բայց կարծում եմ նաեւ, որ սխալ չէ, կարծում եմ այդ պատգամի բովանդակությունն այնքան հզոր է, որ նույնիսկ եթե ծիծաղեցնել տա այդ նույն մարդանց, որոնք ասացին, որ վաճառելու են ձայնը միայն ամենաբարձր տվողին, ինքը գոնե այդ երեկոյան մի քիչ պակաս կքնի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ