Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. ԱԺ նիստի տապալումը ՀՀԿ-ն էր կազմակերպել (Տեսանյութ)

Մարտ 02,2017 14:10

«Վանաձորյան ընդդիմության բոյկոտը վարակիչ է: ՏԻՄ ընտրությունների վանաձորյան բոյկոտը հասավ նաեւ Երեւան, պառլամենտ: Եթե ավելի լուրջ`չեմ կարող ասել: Բայց ոչ միայն իշխանությունից, բազում կուսակցություններից չկան պատգամավորներ: Սա նոր իրավիճակ չէ, կհորդորեի սենսացիա չստեղծել, այսօր ունենք այդ իրավիճակը, պետք է առաջնորդվենք այդ իրողությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով այսօր խորհրդարանի աշխատանքների տապալմանը: Խորհրդարանի հաջորդ քառօրյան մարտի 20-ին է: ԱԺ փոխխոսնակը չգիտի`այն կկայանա՞, թե`կտապալվի:

Անդրադառնալով Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում ՀՀԿ անդամի կողմից ԲՀԿ-ականի դանակահարելու փաստին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահները:

«Եթե կա օրենքի խախտում, եթե կա հանցագործություն, անկախ նրանից, թե ում թիմակիցներն են արել, ունի դա քաղաքական դրդապատճառ, թե ոչ, բոլորը պետք է պատժվեն: Ես բացահայտ ասում եմ՝ բոլոր նրանք, ովքեր կփորձեն նախընտրական, քաղաքական պայքարը վերածել բռունցքների պայքարի, խստագույնս կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կպատժվեն նաև նրանք, ովքեր կփորձեն ապատեղեկատվություն տարածել»:

Aravot.am-ի դիտարկմանը`արդեն համանման որերորդ դեպքն է գրանցվում եւ գլխավոր դերում ՀՀԿ-ն է`մի դեպքում ՀՀԿ-ականներն իրար հետ, մյուսում ՀՅԴ-ականի, հիմա`ԲՀԿ-ականի, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «1998 թվականից այս կողմ գլխավոր դերում Հանրապետականն է: Այսինքն, իշխանության է ՀՀԿ-ն ու իշխանությունը պիտի լինի գլխավոր դերում»:

Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը`այս խորհրդարանի աշխատանքների մեկնարկին ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորում էր պատգամավորներին`խրամատը չլքել, մինչդեռ նոր «մարտի շեմին» ՀՀԿ-ականները լքեցին խրամատը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ժողովուրդն ընտրություններին կորոշի`ինչպե՞ս են աշխատել, լավ են աշխատել, թե՞ վատ են աշխատել»:

Հարցին`միգուցե պե՞տք է, որ իշխանությունը ոմանց «ականջները քաշի», քանի որ լավ աշխատելու եւ քաղաքակիրթ ընտրապայքար տանելու հորդորները տեղ չեն հասնում, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Աստված մի արասցե, որ մենք ապրենք մի երկրում, որտեղ գործի ոչ թե օրենքը, այլ ականջ քաշելը»:

ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Մասիսում տեղի ունեցած դանակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի: Էդուարդ Շարմազանովը հակադարձում է. «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չի, որ ինչ ասի, մենք ընդունենք, նա հարգարժան գործընկեր է, բայց իմ ասածը իրենց համար հի՞մք է, շատ հարգանք ունենալով նրա նկատմամբ, նրա ասածներն ինձ համար վերջին ճշմարտություն չեն, ցանկացած միջադեպ պետք է քննվի»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ոչ Հռոմի Պապի, ոչ էլ անգլիական թագուհու դափնիներին ինքը երբեք չի հավակնել:

Ինչ վերաբերվում է ԱԺ նիստի տապալմանը, ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Կարծում եմ` իրենք այլևս շատ հրատապ նախագծեր չունեին անցկացնելու և կարծում եմ` հասկանում էին, որ նաև սա վերջին քառօրյան է և ընդդիմադիր ուժերը փորձելու էին անգամ վարման կարգով և տարբեր նախագծերի կոնտեքստում բարձրաձայնել տարբեր խնդիրներ, այդ թվում` նաև Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին, և իրենք նպատակահարմար գտան անաղմուկ շրջանցել այս օրը»:

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ սա քաղաքական մեծամասնության կողմից հատուկ էր կազմակերպված. «Իրենց մոտ ամեն ինչ լինում է շատ հստակ և շատ կանոնավոր կազմակերպված»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031