Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց ընթացքը կամ կարճման որոշումները կհրապարակվեն առանձին: Կառավարության մարտի 2-ի նիստում, ներկայացնելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն, այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն իր կայքում մինչև ապրիլի 1-ը պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում: Այն պետք է պարունակի վիճակագրական տվյալներ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս առաջարկը հակակոռուպցիոն բնույթի է և կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները պետք է ներկայացվեն առանձին: «Արդյունքում կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը»,- ասաց նախարարը: Արփինե Հովհանիսյանը նաև հավելեց, որ հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմիններն, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն պետք է ներկայացնեն նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ, որոնց մեթոդական ուղեցույցը կհաստատի գլխավոր դատախազը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն