«Սայաթ- Նովա գյուղի մեր ակտիվիստը դանակահարվել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի՝ ՀՀԿ թիմակցի կողմից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով երեկ Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած դանակահարությանը:
«Երեկ շատ ծանր վիրահատություն է տարել և փառք Աստծո, նոր ճշտեցինք՝ վիճակը կայունանում է: Սա հերթական վկայությունն է, որ որոշ թեկնածուների, մարդկանց համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի:
Նաիրա Զոհրաբյանը կրկին է կոչով դիմում բոլոր նրանց, ովքեր ընտրությունը փորձում են վերածել կենաց և մահու պայքարի. «Նրանք, չգիտես ինչու, վստահ են, որ ապրիլի 2-ին 3 չի հետևելու: Մի արեք: Առանց այդ էլ շատ մեծ է ռիսկը քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու գլադիատորական, ցլամարտի հարթակ: Մի փորձեք ավելին անել, քանի որ այս ռեյտինգային ընտրակարգն ինքն իրենով լրջագույն ռիսկեր է պարունակում քաղաքական պայքարի համար: Հորդորով դիմում եմ այն թեկնածուներին, մասնավորապես Մասիսում իրենց բեսպրեդել համարող ՀՀԿ թեկնածուին, որն ամենուր հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ իրեն ամեն ինչ թույլատրված է` այդպես չէ: Փորձեք ընտրողի քվեն շահել ձեր արած գործերով, ձեր հեղինակությամբ, եթե այդպիսի արած գործեր և հեղինակություն կա»:
Տիկին Զոհրաբյանը հորդորում է`մարդու կյանքը մեկ քվեից գերադասել, Հայաստանի միջազգային վարկն էլ գերադասել անգամ տասնյակ քվեներից:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ