Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել գույքի կամ դրամական միջոցների վրա համաչափ արգելանք դնելու վերաբերյալ

Մարտ 02,2017 13:15

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ էր: «Մեր համաքաղաքացիների և հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափին անհամաչափ արգելանք դնելու խնդիրն այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը: Արդյունքում նման արգելանքները, հատկապես հաշվի առնելով, որ դրանք կիրառվում են դատական գործերով, որոնց տևողությունը բավականին երկար է, հաճախ լուրջ խոչընդոտ են դառնում նաև բիզնեսի համար: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով»,-նշել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 1-ամսյա ժամկետում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դնելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմ:

 Պարզեցված ընթացակարգեր՝ բնապահպանական  վճարումների  համար

 Անդրադառնալով բնապահպանական վճարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը  և ծավալը նույնն է բոլոր աղտոտողների համար: «Արդյունքում, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ,  փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ  ռեսուրսներ են ծախսում վերջիններիս հսկողության, տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և վերլուծության համար»,-ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի ընդհանրացված և տիպային վճարների ներդրման հնարավորությունները։

Վարչապետը նշել է նաև, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում  այն համայնքներին, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: «Բնապահպանական վճարների բաշխման համակարգը համայնքների միջև թերի է կանոնակարգված, որն իր հերթին ակնհայտ անհամամասնություններ է ստեղծում վնասակար ազդեցություններ կրողների և մասհանումների չափերի միջև»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Ելնելով դրանից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգ,  որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին և նպատակ կունենա հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունները։

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031