Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ն կայքում հրապարակված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ցուցակները:
Բոլորի ընտրական ցուցակներով էլ մեծ թիվ են կազմում չաշխատողները եւ թոշակառուները:
Ըստ այդմ՝ «Ելքի» ցուցակում ընդգրկված 126-ից 37-ը չի աշխատում:
«Ազատ դեմոկրատների» 101 հոգանոց ցուցակում ներկայացվածներից չի աշխատում 35 մարդ: Գործազուրկների ամենահոծ բանակը տեղավորված է «Հայկական վերածնունդ» կուսակցության եւ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում:
Կարդացեք նաև
«Հայկական վերածննդի» 300 հոգանոց ցուցակում չաշխատողների թիվը 130 է, Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի 139 հոգանոց ընտրական ցուցակում ներկայացվածներից չի աշխատում 70 հոգի:
«Ծառուկյան» դաշինքի 188 հոգանոց ցուցակում 37-ն է անգործ:
Հանրապետական կուսակցության 197 հոգանոց ցուցակում ընդգրկվածներից միայն 7 հոգի չի աշխատում, իսկ Կոմունիստական կուսակցության 173 հոգանոց ցուցակից՝ 66-ը:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի 148 հոգանոց ընտրական ցուցակից 61 հոգին աշխատանք չունի, իսկ Հայ Հեղափոխական դաշնակցության 171 հոգանոց ցուցակում՝ 17-ը:
Ստացվում է, որ անգործ մնացած 460 մարդ ցանկանում է խորհրդարան մտնել՝ ցուցակներում առկա թոշակառուներին չհաշված:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ