Հարցազրույց Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ
– Վերջին մեկ ամսվա ընթացքում էականորեն սրվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Փետրվարի 25-ին նույնիսկ ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի միանգամից երկու ուղղություններով՝ հարավային և արևելյան, հարձակում նախաձեռնեց։ Ինչպիսի՞ զարգացումների պետք է պատրաստ լինեն հայկական կողմերը։
– Հասկանում եմ, որ հակամարտությունը նոր փուլ է թևակոխել 2016թ. ապրիլյան լարվածությունից հետո։ Սակայն ես այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ փետրվարի 25-ին, որոնք էին տեղի ունեցածի առաջնային պատճառները։ Կարծում եմ, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրն այսօր լարվածության սրման իր մոտիվները կարող է ունենալ։ Թե ինչպես են վերջին դեպքերի ժամանակ զոհվել ադրբեջանցի զինվորները, ևս ես դեռ չեմ կարողանում հասկանալ։
Ամեն դեպքում, իմ համոզմամբ, այն, ինչ այսօր տեղի է ունենում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, փոխադարձ պրովոկացիոն ակտիվություն է, և, թե ով է անում առաջին քայլը, սկսում լարվածությունը՝ ինձ համար դժվար է ասելը, քանի որ սա առճակատման մի տեսակ է, երբ յուրաքանչյուր կողմ պատրաստ է մյուս կողմի պրովոկացիային պատասխանել՝ ինքնին պատրաստ լինելով անել նաև առաջին քայլը։ Այսինքն՝ երկու կողմն էլ այսօր պատրաստ է և՛ սադրանքին, և՛ դրա պատասխանին։
Կարդացեք նաև
Որքանո՞վ է սա վտանգավոր, այո, բավականին վտանգավոր է, քանի որ այս ամենը կարող է հանգեցնել զինված բախումների Ղարաբաղյան հակամարտության գոտում, բայց ես չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, երկարատև պատերազմի մասին։ Կարծում եմ, որ այս պահին կա ռազմական ակտիվության մի սահմանագիծ, որը հստակեցվել է նախորդ տարվա ապրիլյան գործողությունների ժամանակ, նման սցենարի կրկնություն հնարավոր է, սակայն սկզբունքորեն դրանից շատ ավելի կարևոր, ավելի երկարատև և արյունալի պատերազմ այս պահին դեռևս բացառված է։
– Ինչո՞ւ։
– Իմ համոզմամբ՝ կողմերը դրան պատրաստ չեն, ավելին, չեն ցանկանում՝ նման սցենար։ Իրական լայնամասշտաբ պատերազմը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի առաջիկա ծրագրերի մեջ չի մտնում։
– Ադրբեջանին զսպելու ի՞նչ մեխանիզմների է, ըստ Ձեզ, տիրապետում հայկական կողմը։ Օրերս ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր» համալիրները։ Նախ՝ ինչո՞ւ արվեց նման հայտարարություն, եթե պաշտոնական Երևանը նման մտադրություն ունենա, կկարողանա՞ այն իրագործել առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, և վերջին բաղադրիչը՝ «Իսկանդերի» առկայությունը ՀՀ-ում, Ադրբեջանին ետ կպահի՞ արդյոք լայնածավալ հարձակումից։
– Հերթով անդրադառնամ հարցին։ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը պետք է դիտարկենք տեղեկատվական առճակատման շրջանակում, բնականաբար։
Ինչ վերաբերում է «Իսկանդերի» իրական կիրառությանը, ապա չեմ պատկերացնում, որ շփման գծում ստեղծված ներկայիս լարվածության դեպքում ինչ-որ մեկի մտքով անցնի կիրառել «Իսկանդեր»։ Պատկերացնում եք, չէ՞, թե ինչպիսի պատերազմ պետք է լինի, որպեսզի Երևանում որոշեն, որ պետք է այս համալիրով հարված հասցնել Բաքվին, և Մոսկվայում աջակցեն այդ ծրագրին։ Կարծում եմ՝ դա բացարձակապես անիրատեսական է գոնե ներկայումս և մոտ ապագայում։
Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ համաձայնեցմանը, ապա այս դեպքում այդ «համաձայնեցում» բառը բավականին նուրբ որակում է, քանի որ խոսք է լինելու թույլտվություն խնդրելու մասին։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում