Ըստ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանի, Հայաստանն ու Ռուսաստանը կարող են մեկ քայլ առաջ կատարել եւ ընդլայնել ռազմաքաղաքական համագործակցության դաշտը՝ տալով նրան ավելի շատ տարածաշրջանային բնույթ։ «Խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլ ավելի մեծ՝ Մերձավոր Արեւելքի մասին է։ Հայաստանի համար Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակից է, իսկ Ռուսաստանի համար Հայաստանը միակ պետությունն է, որ ապահովում է ՌԴ-ի ռազմաքաղաքական ներկայությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ հարակից տարածաշրջաններում»,- նշեց Մինասյանը։
Նրա կարծիքով, վերջերս ռուսական պետական շրջանակներին հարող լրատվամիջոցներով ՀՀ պաշտոնյաների՝ «Իսկանդերների» կիրառման հնարավորության մասին հայտարարությունները եւ դրանց մասշտաբային «տիրաժավորումը» պատահական չէ։ «Դժվար թե առանց ռուսական պետական շրջանակների հետ համաձայնության՝ այդ լրատվամիջոցները, իսկ խոսքը lenta.ru, РИА Новости եւ Gazeta.ru գործակալությունների մասին է, նման նյութեր տեղադրեին եւ տարածեին։ Ուստի, կարծում եմ տարածաշրջանային, հատկապես ԼՂ հակամարտության գոտում վտանգավոր զարգացումների եւ սրացումների համատեքստում, այս կերպ Ռուսաստանն Ադրբեջանին այդ գործընթացների վտանգավոր հետեւանքների մասին համապատասխան մեսիջ է ուղարկում»,- ենթադրում է մեր զրուցակիցը։
Միեւնույն ժամանակ Սերգեյ Մինասյանը չի բացառում, որ Սարգսյանն ու Պուտինը ստորագրեն համաձայնագիր ՀՀ-ում ռուսական բազայի ֆունկցիաների ընդլայնման վերաբերյալ։
«Ինչպես ժամանակին՝ 2010 թ. ՌԴ ոազմաբազայի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրում կատարվեցին փոփոխություններ, եւ այն պարտավորվեց ՀՀ զինված ուժերի հետ համատեղ պաշտպանել Հայաստանի սահմաններն արտաքին ագրեսիայից, այժմ էլ բազայի ֆունկցիաները կարող են ընդարձակվել դեպի տարածաշրջանային մակարդակ։ Չեմ կարող հստակ ասել, թե ինչ ձեւակերպումներ կլինեն, սակայն նման զարգացում հնարավոր է։ Սա եւս մեսիջ է Ադրբեջանին, որ Արցախի դեմ պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում, ինչը հղի է տարածաշրջանային պատերազմի վտանգով, որոշակի գործողությունների կարող է դիմել նաեւ Ռուսաստանը»,- ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը։
Կարդացեք նաև
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում