ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մարտի 1-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Սումգայիթում հայերի ջարդերի 29-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, դեմոկրատ կոնգրեսականը նշել է, որ 1988թ. փետրվարի 27-29-ին մեծ մասամբ հայերով բնակեցված ադրբեջանական Սումգայիթ քաղաքում ջարդեր են տեղի ունեցել. Ադրբեջանական ՕՄՕՆ-ը դռնեդուռ ընկած որս է սկսել հայեր դեմ՝ բարբարոսաբար սպանելու համար:
«Սումգայիթում հարյուրավոր հայեր են դաժանաբար սպանվել, կանայք և երիտասարդ աղջիկները բռնաբարության են ենթարկվել, զոհերը խոշտանգվել են և ողջակիզվել: Նրանք, որոնց հաջողվել է փրկվել սպանդից, լքել են իրենց տները, բիզնեսները՝ հետևում թողնելով ամեն ինչ:
Ջարդերը Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակվող հակահայկական քարոզչության կուլմինացիան էին: Ադրբեջանական իշխանությունները ոչինչ չարեցին. փոխարենը նրանք ջանք չխնայեցին տեղի ունեցածը քողարկելու և իշխանությունների անմիջական դերակատարումը կոծկելու համար»,-ասել է Ադամ Շիֆն իր ելույթում՝ հավելելով, որ Սումգայիթում տեղի ունեցած բռնությունները իրենց շարունակությունը գտան Բաքվում 1990թ.:
Կարդացեք նաև
Նա նաև հիշեցրել է, որ այդ ժամանակաշրջանում Ադրբեջանում բնակվել է շուրջ 450 հազար հայ: Ադամի Շիֆի խոսքով՝ ժամանակը չի սպիացրել Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում տեղի ունեցած սոսկալի բռնությունների վերքերը: Նա նաև փաստել է, որ չնայած տասնյակ տարիներ են անցել, Ադրբեջանում ատելությունը հայերի հանդեպ շարունակվում է և որպես օրինակ բերել է Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը Ռամիլ Սաֆարովի կողմից՝ հիշեցնելով, որ վերջինիս Բաքվում դիմավորել են որպես իսկական հերոսի:
Ադամ Շիֆն իր ելույթում անդրադարձել է նաև արցախյան հակամարտությանը: «Այսօր Ադրբեջանի վտանգավոր վարքը շփման գծում սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Շփման գծում հրանոթները, դիպուկահարների կրակոցները դարձել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների առօրյան, արդյունքում բազմաթիվ մարդկային զոհեր են գրանցել»,-ասել է Շիֆը՝ շեշտելով, որ 2016թ. ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեք օր շարունակվող մարտական գործողությունները շատ կյանքեր են խլել:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան:
Հայտարարության վերջում կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատին հիշեցրել է, որ ապրիլին լրանում է Ադրբեջանի ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ