Բրյուսելում հայտարարելով Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցության ավարտի մասին, Սերժ Սարգսյանն առիթը բաց չթողեց այդ իրողությունը որպես «և-և»-ի քաղաքականության հաջող իրացում ներկայացնելու համար: «Եվ-եվ»-ի մասին Երևանը սկսեց խոսել դեռևս 2013 թվականին, երբ մեկ գիշերվա ընթացքում շրջադարձ կատարեց դեպի ԵՏՄ, մինչ այդ երեք տարի բանակցելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ և այդ բանակցությունը հաջողությամբ ավարտելով 2013 թվականի օգոստոսին: ԵՏՄ անդամակցումից հետո անհնար դարձավ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ Եվրամիությունը միանգամայն հստակ ներկայացրեց այլ պետությունների հետ մաքսային միասնական գոտում գտնվելու և Եվրամիության հետ Ասոցացված հարաբերություն ունենալու անհնարինությունը:
Տրամաբանությունը չափազանց պարզ է՝ հնարավոր չէ միաժամանակ խաղալ թե՛ Բարսելոնայում, թե՛ Ռեալում: Երևանն ինքնարդարացման համար առաջ քաշեց «և-և»-ի «թեզը», հայտարարելով , թե Եվրամիությունը ներկայացնում է կամ-կամ-ի անընդունելի պահանջ: Իրականում, Եվրամիությունը ներկայացրել էր ընդամենը շատ հստակ իրավական փաստարկ, հիմնավորում, թե ինչու հնարավոր չէ միաժամանակ խաղալ երկու «ակումբներում» և կամ պետք է լինել այս, կամ այն ակումբի անդամ: Այսինքն՝ խնդիրն ամենևին չի եղել կա՛մ Եվրամիության, կա՛մ Ռուսաստանի հետ հարաբերությունն ընտրելը, եղել է ընդամենը իրավական հարթություն ու կարգավիճակը, դրանք համատեղելու անհնարինությունը:
Մյուս կողմից, իրավական հարթությունն ու կարգավիճակը բնականաբար իրենց հետ ենթադրում են արդեն համապատասխան քաղաքական դիվիդենտներ: Իսկ այդ տեսանկյունից Եվրամիությունն ու ԵՏՄ-ն Հայաստանին ամենևին նույն բանը չէ, որ առաջարկել են և առաջարկում են, ընդ որում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային հեռանկարների տեսանկյունից: Եվ այս իմաստով «և-և»-ը ուղղակի տրամաբանորեն անհնար է որևէ պետության քաղաքականության տեսանկյունից, քանի որ «և-և»-ը պարզապես դեկրալացիա է, իսկ պետական քաղաքականությունը ենթադրում է շատ կոնկրետ դիրքորոշումներ, որոշումներ, կոնկրետ ընտրանքներ, որոնք վերաբերում են շատ կոնկրետ խնդիրների՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների առումով:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում