Իմ պատկերացմամբ՝ հայրենիքի իրական զգացում ունի եւ հայրենասեր կոչվելու իրավունք միայն մի մարդ, ում մասին, ըստ իս, կարելի է գրել գրքերում եւ որպես օրինակ ներկայացնել մատաղ սերնդին։
Նա երբեք չի խոսում հայրենիքից ու հայրենասիրությունից, երբեք լալահառաչ ճառեր չի ասում Ղարաբաղի, ազատագրված հողերի, «շուն թուրքերի» մասին։ Բայց բոլոր այն դեպքերում, երբ կա որեւէ ապրանքի տեղականը, անպայման գնում է հենց դա՝ անգամ եթե այն որակով զիջում է ներկրված նմուշներին։
Նա պարբերաբար այցելում է թատրոն՝ ոչ թե նրա համար, որ հիացած է մեր թատերարվեստով, այլ նրա համար, որ «թատրոնը պահվում է հանդիսատեսով»։
Նա ամեն օր թերթ է գնում, թեեւ կարող է մամուլին ծանոթանալ Ինտերնետի միջոցով, քանի որ «թերթը պահվում է իր ընթերցողով»։
Կարդացեք նաև
Նա գիտակցված օգտվում է հայ տաքսիստների ծառայություններից, թեեւ «Յանդեքս» տաքսին նրան շատ ավելի հարմար է։
Նա այցելում է հայ նկարիչների ցուցահանդեսներին, հայ երգիչների, կոմպոզիտորների, նվագախմբերի համերգներին, եւ ոչ այն պատճառով, որ հիացած է նրանցով, այլ որպեսզի այդ միջոցառումներն այցելու, հանդիսատես, հաճախորդ ունենան։
Նա միշտ մասնակցում է ընտրություններին եւ ընտրում է բացառապես խղճի մտոք։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում